2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին, և դրանք ուղղվեցին Կառավարության պահուստային ֆոնդ:
«Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ. դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր:
Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա նույն կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս: Հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոնով, դրանց թվում, նախևառաջ, հարկային վարչարարության բարելավումն է, որի արդյունքում մենք ստացել ենք թե՛ մեկանգամյա զգալի լրացուցիչ հարկային եկամուտներ, թե՛ պարբերաբար նաև ավելացված հարկեր:
2021 թվականի արդյունքներով՝ շահութահարկ վճարողների հանրագումարային հարկվող շահույթի ավելի մեծ աճն է, որ ազդել է 2022 թվականի հարկային եկամուտների մեծության վրա: 2022-ի ընթացքում մենք ստանում ենք շահութահարկ, որը հիմնված է 2021 թվականի ֆինանսական արդյունքների վրա: Երրորդ պատճառը խտանյութերի համար պետական տուրքի գումարն է»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Խաչատրյանը նաև նշեց, որ առաջին կիսամյակում կա գնաճային որոշակի միջավայր, որը որոշ հարկատեսակների դեպքում հանգեցնում է բազաների ընդլայնման: Խոսքը հատկապես ԱԱՀ-ի մասին է:
«Այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացքում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք հակառակ պարագայում պետք է մեկնարկեին 2023 թվականի սկզբին»,- ասաց նախարարը: