ՀՀ ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցած փլուզումից:
Հունիսի 22-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։
Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։