Հունիսի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Փարիզում մեկնարկած Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսին ներկայացված ARMENIA միասնական տաղավար։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ARMENIA միասնական տաղավարում ներկայացված հայկական պատվիրակությունը կազմված էր ոլորտային 9 ստարտափներից։
Եվս 8 հայկական ստարտափներ միջոցառմանը մասնակցում էին որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների և ներդրողների ուշադրությունը։
Հայկական տաղավարում դեսպան Տոլմաջյանին են միացել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Օթման Նասրուն։
Դեսպան Տոլմաջյանը և հյուրերը շրջել են հայկական տաղավարում, ծանոթացել հայկական ստարտափերի ձեռքբերումներին, նորարարություններին, ինչպես նաև՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրանքներին։
Ստարտափերի ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։