«Հայրենիք» կուսակցության որոշմամբ` փաստացի դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորված դաշինքը` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելուց հետո հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Որոշման ու պատճառների մասին նա Ֆեյսբուքում էր գրել, նշել՝ իրեն այլևս չի տեսնում այս խորհրդարանում, որը, նրա կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ: Վանեցյանը նաև տեղեկացրել է, որ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու է:
Արթուր Վանեցյան («Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար) - Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի:
2021-ի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան էր անցել երեք ուժ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը», Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը, որն անցողիկ շեմը չէր հաղթահարել և 7 մանդատ էր ստացել միայն օրենքի ուժով՝ խորհրդարանում առնվազն քաղաքական 3 ուժի առկայության սահմանադրական դրույթով:
Պատգամավորական 7 մանդատ ստացածներից միայն երեքն էին առաջադրված «Հայրենիք» կուսակցության քվոտայով՝ անկուսակցական Թագուհի Թովմասյանը, Արթուր Վանեցյանը և Իշխան Զաքարյանը: 2021-ի դեկտեմբերին, սակայն, Իշխան Զաքարյանը լքեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը և այժմ որևէ խմբակցությունում ընդգրկված չէ։
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի հաջորդ համարը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանն է: Նա անկուսակցական է, սակայն դաշինքում ներկայացված է «Հայրենիք» կուսակցության քվոտայով: Գրիգորյանի օգնականը «Լուրերի» հետ զրույցում նշեց՝ դեռ հստակ պատասխան չունեն մանդատը վերցնելու վերաբերյալ: Թե ով է այժմ լինելու «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, հայտնի չէ, մամուլը շրջանառում է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի անունը, նա, սակայն, մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:
Վանեցյանը փողոց էր դուրս եկել իր խորհրդարանական գործընկերներից ավելի շուտ՝ ապրիլի 17-ին: Ազատության հրապարակում նստացույց անելով` նա պահանջում էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Մոտ մեկ շաբաթ անց երթեր սկսեց իրականացնել «Հայաստան» խմբակցությունը՝ նույն պահանջով: Մայիսի 1-ից արդեն Վանեցյանն ու «Հայաստան» խմբակցությունը միավորվեցին ու վրաններ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում: Վրանները հավաքեցին հունիսի 15-ին՝ ընդդիմության որոշմամբ: Երթերի ու հանրահավաքների ժամանակ, Վանեցյանի համոզմամբ, իշխանությանը հաշված օրեր էին մնացել, նույնը պնդում էր նաև Վանեցյանի հետ գործակցող ուժի՝ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմության առաջնորդ հռչակված Իշխան Սաղաթելյանը:
Վանեցյանը հայտարարել էր՝ եթե չհաջողեն այս պայքարում, ապա ինքը չի վերադառնա խորհրդարան: Արդյոք մանդատը վայր դնելու որոշումը նշանակո՞ւմ է, որ նա պայքարը տապալված է համարում, և ինչո՞ւ որոշեց դադարեցնել գործակցությունը Հանրապետական կուսակցության հետ. հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Վանեցյանից, սակայն նա հրաժարվեց պատասխանել: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Արթուր Վանեցյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին ԱԺ նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց, եթե նա հետ չվերցնի իր դիմումը։
Հեղինակ` Տաթև Խաչատրյան