ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության անդամ, Եվրասիական միջմայրցամաքային, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Լևոն Թոքմաջյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Այս առիթով Լ. Թոքմաջյանի արվեստանոց են այցելել Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը և ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Ս. Սահակյանը ընթերցել և հոբելյարին է հանձնել նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ վարպետ, դժվար է պատկերացնել արդի հայ արվեստն առանց Ձեր ավանդի, որի ինքնատիպությունն ու ինքնուրույնությունը հաստատվել են վաղուց: Դուք հայ մշակութի այն երևելիներից եք, որն իր բացառիկ տաղանդով ու ինքնատիպ ձեռագրով, հայեցի մտածողությամբ ճանաչելի է ոչ միայն հայ, այլև միջազգային արվեստասեր հասարակության շրջանում:
Ձեր ստեղծագործություններում մշտառկա ֆիգուրատիվ մտածողությունը, խորհրդապաշտական ընկալումներն ու սեփական կոչմանն անմնացորդ նվիրումը բարձր գնահատանքի են արժանի: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ ստեղծագործական ներշնչումներ, նորանոր հղացումներ»:
Արվեստագետը հյուրերին պատմել է առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին, ծանոթացրել արվեստանոցում ցուցադրված աշխատանքներին: