ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։
Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումները և այդ միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունները։
Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավ-հյուսիս» ծրագրի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։
Գյուղացիների հետ զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը նրանցից փորձել է տեղեկանալ, թե որքանով են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը հասանելի կոնկրետ շահառուներին, գնահատել ծրագրերի կիրառելիությունը և նպատակահարմարությունը, լսել թերությունների մասին՝ դրանք շտկելու և ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակելու համար։
Որպես կարևոր խնդիր գյուղացիները նախարարին ներկայացրել են վարկեր ստանալու հետ կապված դժվարությունները, նշել նաև արոտների օգտագործմանն առնչվող որոշ խնդիրներ։
«Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է:
Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք ձևափոխել ծրագիրը, որպեսզի էական փոփոխություն ստանանք ամբողջ Հայաստանի տարածքում, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ որևէ փոքր տարածաշրջանում, որպեսզի ռեալ փոփոխություններ մտցնենք գյուղատնտեսության մեջ»,- ասել է Վահան Քերոբյանը։
Նախարարի այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերահանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։
Համայնքների և հարթակի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են արոտավայրերի կայուն կառավարման արդյունքում տարիների ընթացքում համայնքների օգուտները, նաև նախրաքարշի կազմակերպման արդյունավետությունը։ Նախարարը լսել է մասնագետների կարծիքները, այնուհետև ներկայացրել իր տեսակետը տարածաշրջանի գյուղատնտեսության և ընդհանուր զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բացի անասնապահությունից, այստեղ լավ նախադրյալներ կան զարգացնենու զբոսաշրջությունը, առաջարկել դիտարկել նաև գյուղական վայրերում հեռավար աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունը։
Հանդիպման մասնակիցների ուղեկցությամբ Վահան Քերոբյանն այցելել է մոտակա արոտավայրը, նաև Վերիշեն գյուղի 5-րդ դարի եկեղեցին։ Խոտ գյուղում գտնվող Սյունիքի անասնաշուկայում նախարարին ներկայացվել են կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքներին, կառուցվող սպանդանոցի պայմաններին։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հարթակի՝ առաջիկա օրերին նախատեսվող միջոցառմանն ամփոփել նախարարի այցի արդյունքները։ Հարթակը հիմնադրվել է 2018 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի համագործակցության արդյունքում:
Դեռևս 2019 թ. հարթակը նախաձեռնել է միջոցառումների շարք, որտեղ ներառվել է նաև արոտների կայուն կառավարման ոլորտը կանոնակարգող հայեցակարգային փաստաթղթի մշակումը: Փաստաթղթի մշակման համար ստեղծվել էր ոլորտով զբաղվող կառույցների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գիտական և քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: