Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սան Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել է աշխարհի բացարձակ գավաթակիր օղակներ վարժությունից:
Վահագն Դավթյանը վաստակել է 85 միավոր՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած թուրք մարզիկին:
Նույն մարզադպրոցի սան, 2021 թ. Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունից:
Նա վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը՝ 10 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին:
Ընդ որում, մեր հավաքականի անդամները մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերից երեքին (Բաքվում կայացած 4-րդ փուլին չեն մասնակցել), սակայն նախորդ երեք փուլերի արդյունքներն այնքան բարձր են եղել, որ հնարավորություն են տվել ապահովել բացարձակ հաղթողի կոչումները: