Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվեց:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Այնուհետև պաշտպանական կողմը կոչ արեց մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանին ինքնաբացարկ հայտնել, բայց նման միջնորդություն չներկայացրեց՝ նիստերը չձգձգելու պատճառով:
Ըստ Ասլանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ դատախազն այս գործով կողմնակալ վերաբերմունք ունի, պնդեց՝ նախաքննության ընթացքում չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում:
Մեղադրող դատախազն էլ չընդունեց պաշտպանի կոչը՝ նշելով՝ նախաքննության ընթացքում այնպիսի էական խախտումներ չի նկատել, որոնք հիմք կհանդիսանային գործը լրացուցիչ քննության ուղարկելու համար:
Նրա խոսքով՝ եթե պաշտպանին հայտնի էին նման խախտումներ, ապա ինչու նախաքննության ընթացքում նման միջնորդություն չի ներկայացրել: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից մի քանիսի բացակայության պատճառով:
Ասլանյանը, հիշեցնենք, մեղադրվում է 8 դրվագով պաշտոնեական լիազորությունների անցման, 7 դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան