ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻՆ ԵՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿՏՐՎԻ
ԵՄ անդամ 27 երկրի ղեկավարները հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրեն: Կառույցից միաժամանակ հայտնել են, որ ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին կխնդրեն Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցը դիտարկել ավելի ուշ՝ հաշվի առնելով, որ երկիրը կատարում է անդամակցության համար անհրաժեշտ պայմանները։ Գագաթնաժողովի օրակարգում կլինի նաև Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը, պարենային ճգնաժամը, ինչպես նաև էներգետիկայի ու գազի հետ կապված հարցեր։
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԻԵՎԻՆ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՄ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ԱՄՆ-ում և Եվրոպայում անձամբ է պահանջել, որ Վրաստանին չտրամադրեն Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ, հայտարարել է Վրաստանի վարչապետը։
«Նա գրեթե վերջնագիր է ներկայացրել Եվրոպային, որ եթե Վրաստանը թեկնածուի կարգավիճակ ստանա, ապա Ուկրաինան շատ կհիասթափվի»,- ընդգծել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա մեղադրանքներ է ներկայացրել նաև վրացի ընդդիմադիրներին:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արախամիան հայտնել էր, որ մեկնել է ԱՄՆ՝ ամերիկյան կողմին ներկայացնելու ապացույցներ, որ Թբիլիսին խախտում է հակառուսական պատժամիջոցները:
ՄՈՍԿՎԱՆ ԼԻՏՎԱՅԻ ԴԵՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ. ԶԱԽԱՐՈՎԱ
Կալինինգրադի շրջափակման պատճառով Լիտվայի դեմ Մոսկվայի պատասխան միջոցները կրելու են ոչ թե դիվանագիտական, այլ գործնական բնույթ: Այսպես է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել պաշտոնական Վիլնյուսի հայտարարությունն այն մասին, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Կալինինգրադի մարզ տեղափոխվել Լիտվայի տարածքով:
«Մեր պատասխանը կախված կլինեն նրանից՝ արդյո՞ք Վիլնյուսը կհամաձայնի չեղարկել տարանցման արգելքը»,- զգուշացրել է Մարիա Զախարովան:
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկիրը կընդլայնի արգելված ապրանքների ցանկը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին համապատասխան։
«Ռուսաստանը կարող է անջատել մեզ էլեկտրամատակարարման ընդհանուր համակարգից. երկիրը դրան պատրաստ է», - հավատացրել է Գիտանաս Նաուսեդան:
Ավելի վաղ Պետքարտուղարության խոսնակը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն համարժեք քայլեր կձեռնարկի, եթե Ռուսաստանը որոշի հարձակվել Լիտվայի տարածքի վրա:
ՌԴ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է. ՇՈԼՑ
Ռուսաստանի հետ գործընկերություն տեսանելի ապագայում անհնար է պատկերացնել, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Օլաֆ Շոլցը տեղեկացրել է նաև, որ իր երկիրը կընդլայնի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովի տարածքում:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Լիտվայում Բունդեսվերի երկարաժամկետ տեղակայման վերաբերյալ։ Գերմանիան նաև զորքեր կուղարկի Սլովակիա՝ ապահովելու այդ երկրի անվտանգությունը։ Պաշտպանելու ենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը»,- վստահեցրել է կանցլերը։
Նա նշել է նաև, որ Ուկրաինան եվրոպական ընտանիքի մի մասն է, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար դեռ բազմաթիվ պայմաններ կան:
ԿԻԵՎԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ 5-6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ
Ուկրաինայի ռազմական ծախսերն ամսական հասնում են 5-6 մլրդ դոլարի: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի խոսքով՝ դա ապշեցուցիչ թիվ է:
«Նույնիսկ այն 7,5 մլրդ դոլարը, որը ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է հատկացնել Ուկրաինային, բավարար չէ՝ ծածկելու պատերազմի հետևանքով առաջացած ծախսերը»,- մտահոգություն է հայտնել Սամանտա Փաուերը:
Նրա խոսքով՝ հետագայում Կիևին ավելի մեծ ֆինանսական աջակցություն անհրաժեշտ կլինի:
ԻՏԱԼԻԱՅԻ ՄՈՏ 28 %-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Իտալիայի տարածքի մոտ 28%-ը երաշտի և շոգի պատճառով անապատի կվերածվի, մտահոգություն են հայտնել գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայում։
Կառույցի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2022 թվականին տեղումները կրկնակի նվազել են, իսկ մոտ ժամանակում երկրում ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճան Ցելսիուսը։
Գյուղմթերք արտադրողների ասոցիացիան ահազանգում է, քանի որ ջրի բացակայության պատճառով վտանգի տակ է գյուղատնտեսական արտադրանքի 30%-ից ավելին, ինչպես նաև անասնաբուծությունը։