«Հայաստան. թաքնված ուղի»՝ մեր երկիրը աշխարհին կներկայանա այս կարգախոսով: Զբոսաշրջության կոմիտեն նոր բրենդի միջոցով կպատմի Հայաստանի մասին:
Սիսիան Պօղոսեան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ) - Անցյալում Հայաստանը չի ունեցել տենց կարգախոս, որ Հայաստանը մի քանի բառով ներկայացվի աշխարհում: Դրա համար մենք գիտեինք, որ շատ կարևոր է ունենալ կարգախոս, որ բոլորը, երբ մտածում են Հայաստանի մասին, նույն ձևի տենց լայն ձևով Հայաստանը հասկանան, Հայաստանում ինչ կա անելու, ինչ կա տեսնելու:
Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման աշխատանքները տևել են 8 ամիս: Ստեղծել են տառատեսակ ու նկարազարդման համակարգ: Ընկերությունն ընտրվել է մրցութային կարգով:
Նաիրի Խաչատուրեան (ԱՀԱ կոլեկտիվ ընկերության ղեկավար) - Անցյալում, եթե հիշեք՝ եղել է ուղղակի «Արմենիա» կապույտ գրված մի տարբերանշան, և կողքը նուռ էր պատկերված, այսինքն՝ դրանով էր սկսվում և ավարտվում: Մենք ստեղծեցինք բառանշան և ոչ թե ինչ-որ տարբերանշան, որովհետև Հայաստանը չի սահմանափակվում զուտ մի ինչ-որ սիմվոլով, այդ դեպքում նուռն էր, այլ ունի շատ տարբեր առավելություններ, որը տալիս է զբոսաշրջիկներին:
Նոր բրենդի ստեղծման մասին պատմող տեսանյութի հրապարակումից հետո եղան ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ: Ընկերության ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր նորը սկզբում միշտ քննադատվում է:
Նաիրի Խաչատուրեան - Որևիցե նոր աշխատանքի հանդեպ միշտ կլինեն արձագանքներ դրական և բացասական: Բրենդը չի սկսվում ու չի ավարտվում տարբերանշանով, լոգոյով, մենք ստեղծել ենք մի ամբողջ տեսողական ու լեզվական համակարգ, որը շատ ճկուն է, որ անընդհատ զարգանում է, ասոցիացիաները, որ կունենան այցելուները, այս հարուստ գունային, տեսողական, լեզվական աշխարհի միջոցով է լինելու:
Նաիրի Խաչատուրեանը պարզաբանում է՝ ներկայացվել է բրենդի հռչակագրի, ստեղծման մասին պատմող հոլովակ, այլ ոչ թե Հայաստանը գովազդող տեսանյութ:
Նաիրի Խաչատուրեան - Քանի որ տեքստը և մեր տեսողական ինքնությունը հիմնված են տառի վրա, ձայնի վրա, այդ իսկ պատճառով տառն է, որ տեսողական առումով ավելի շատ ենք շեշտադրել՝ և զուտ ակնարկներ անելով պատկերային և նկարազարդման մեր համակարգին:
Զբոսաշրջության կոմիտեից նշում են՝ նոր բրենդի մասին դրական արձագանքներ են ստացել թիրախային շուկայից:
Մշակույթից մինչև խոհարարություն՝ տուրիստական տարբեր ուղղությունների համար ևս գունապնակներ են մշակել, որոնցում միշտ առկա է ծիրանագույնը: