Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստը. նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող թեմա ընդգրկված չէ։ Քննարկումներ են նախատեսված «Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության վերականգնման շարունակական անհրաժեշտությունը» թեմայով, Ուկրաինայում ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների և այլ թեմաներով: Եվրոպայի գլխավոր հարթակում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների խնդրին՝ շեշտելով, որ հրադադարի մասին եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը հանձնառություն է ստանձնել վերադարձնել բոլոր ռազմագերիներին, սակայն մինչ օրս այդ երկրում 38 ռազմագերի պատանդ է պահվում, դրանցից 3-ը քաղաքացիական անձինք են:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար) - Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և օգտագործում է նրանց որպես սակարկության առարկա՝ հետագա քաղաքական շահերին ծառայեցնելու համար: Հայ ռազմագերիներից շատերը կեղծ և արագ քրեական դատավարություններով են անցել շինծու մեղադրանքներով: Այս մարդկանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը և մարդու իրավունքների զանգվածային խախտումները փաստագրվել են բազմաթիվ միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից։ Մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչը նույնպես անդրադարձել է խնդրին և մտահոգություն հայտնել իր հուշագրում։
Ռուբինյանը ԵԽԽՎ պատվիրակներին հորդորել է միավորել բոլոր ջանքերը և լուծել հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված հրատապ հումանիտար խնդիրները: Նա փաստել է՝ սա քաղաքական հարց չէ, այլ հումանիտար, ու շեշտել՝ հայ ռազմագերիները պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն, քանի որ նրանց ֆիզիկական անվտանգությունը վտանգված է:
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԶԴԻ ԱՎՏՈԿՐԱՏԻԱՅԻՆ. ՋՈՒԼՀԱԿՅԱՆ
«Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ընթացքում հայ պատվիրակներն անդրադարձել են եվրոպական կառույցի հիմնական գործառույթներին՝ մատնանշելով այն մտահոգությունները, որոնց բախվում են ժողովրդավարական հասարակությունները:
Արուսյակ Ջուլհակյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ժողովրդավարական հասարակությունը հակամարտություններ չի ստեղծում, այլ լուծում է հակամարտությունները: Ժողովրդավարական պայմաններում ամենաբարդ թվացող խնդիրն ու կոնֆլիկտը կարող է հեշտությամբ լուծվել, եթե երկու կողմերի նպատակը խաղաղությունն է, եթե երկու կողմերն իսկապես ուզում են խաղաղություն: Բայց երբ մենք գործ ունենք ժողովրդավարության ու ավտոկրատիայի հետ, տեսնում ենք հետևյալ պատկերը՝ մի կողմը իրական նպատակ ունի հասնելու խաղաղության, մյուս կողմը՝ խաղաղության հասնելու պատրանք է ստեղծում հատուկ միջազգային հանրության համար: Եվրոպայի խորհուրդը պետք է կանգնի նորաստեղծ, զարգացող երիտասարդ ժողովրդավարությունների կողքին՝ հակազդելով ավտոկրատիային:
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԿԱՌՈՒՅՑԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը, դիմելով եվրոպացի գործընկերներին, մտահոգություն է հայտնել, որ կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ պատճառաբանելով, թե Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով:
Արմեն Գևորգյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որը, ըստ էության, խրախուսում է նոր խախտումներ: Որտե՞ղ և ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որևէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ: Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների և մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն և բանաձևեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները, ներառյալ՝ այս վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել:
Հայ պատվիրակների ելույթներից վրդովված՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը մեղադրել է Հայաստանի պատվիրակությանը` ամեն բան «գլխիվայր շրջված ներկայացնելու» համար: