Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համատեղ աշխատանքային խորհրդաժողովում քննարկեցին Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, առկա բացթողումներին վերաբերող հարցեր։
Նախաձեռնությունը Շիրակի մարզպետինն էր: Մինչ այդ, մարզպետարանի աշխատանքային խումբը շրջել էր քաղաքով, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։
Մուշ 2/2 թաղամասի հրապարակի բարեկարգման աշխատանքները ձգձգվում են արդեն 3 տարի։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 105 մլն դրամ է։
Գյումրու քաղաքապետարանից պարզաբանեցին, որ պատճառը անբարեխիղճ շինարարական կազմակերպությունն է, որի հետ աշխատանքային հարաբերությունները քաղաքապետարանը խզել է։ Մինչև տարեվերջ Մուշի հրապարակը նորոգված կլինի։
Շուրջ 2 ժամ տևած խորհրդակցության ընթացքում քննարկեցին նաև քաղաքը զբոսաշրջային տեսանկյունից ավելի գրավիչ դարձնելու, կենտրոնը բեռնաթափելու, փողոցների լուսավորության ժամերը երկարաձգելուն վերաբերող հարցեր։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Մինչև նոյեմբեր ավելի կավելացնենք արևային հոսանքը գիշերային լուսավորությանը, եթե անհրաժեշտություն լինի՝ 2-ը, 3-ը:
Շիրակի մարզպետը դժգոհեց՝ Կառավարության միջոցներից շուրջ կես միլիարդ դրամ է ներդրվել նոր միկրոավտոբուսների ձեռքբերման համար, սակայն արդեն մեկ տարի է՝ դրանք գիծ դուրս չեն գալիս։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Բազմաթիվ անգամ և՛ դուք, և՛ Կառավարությունը շեշտել եք, որ ձեռք են բերվել, չեն երթևեկում, ինչումն է խնդիրը։
Բացատրեցին, որ խնդիրները տեխնիկական են։ Խոստացան սեղմ ժամկետներում լուծել դրանք և մեքենաները շահագործել։
ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
Զրո հանդուրժողականություն պետք է ցուցաբերել ինքնակամ շինությունների նկատմամբ, համայնքապետարանը պետք է լիարժեք իրականացնի լիազորությունները՝ հայտարարեց մարզպետը։
Նազելի Բաղդասարյան - Խիստ դժգոհ եմ, որ կենտրոնական զբոսայգին, որ ապօրինաբար զավթվել է որոշ մարդկանց կողմից, որոնք քաղաքային իշխանության դերակատարություն են ունեցել, չենք կարողանում «ազատագրել»։
Նույնը վերաբերում է կենտրոնական՝ Սայաթ-Նովայի փողոցում առանձին տարածքներ զբաղեցնելուն։
Մարզպետը կոնկրետ անուններ չհնչեցրեց, բայց Գյումրու քաղաքային զբոսայգում և Սայաթ-Նովայի փողոցում առանձին հողակտորներ իրեն ապօրինի օտարելու դեպքի առթիվ դեռ 2021-ին քրեական գործ էր հարուցվել: Մեղադրյալը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:
Քրեական գործը «Թումոյի» բողոքի հետքերով էր։ «Թումոն» երկարաժամկետ ծրագրեր ունի քաղաքային զբոսայգում, մտադիր է ներդրումներ անել և խոհարարական դպրոց կառուցել, իսկ ապօրինի գրավված տարածքները, ըստ մարզպետի, խանգարում են։
Նազելի Բաղդասարյան - Զբոսայգին ինչ-որ մեկի սեփականությունը չէ, որ կարողանան այլանդակության մակարդակի ապօրինություն իրականացնեն այնտեղ, և՛ կենտրոնական զբոսայգին, և՛ Սայաթ-նովայի տարածքի հարակից զբոսայգին, չգիտեմ՝ որքանով են կապված, գիտենք՝ ով, ինչպես, ում ձեռամբ են արվում։
Չնայած գործը դեռ իրավապահների տիրույթում է, այնուամենայնիվ, նոր օրենսդրությունը համայնքին ավելի արագ գործելու հնարավորություն է տալիս։
Նազելի Բաղդասարյան - Օրենսդրական այն փոփոխությունը, որը հունվարից տեղի ունեցավ, ենթադրում է, որ ցանկացած տեսակի ինքնակամ շինություն ենթակա է ապամոնտաժման, և համայնքապետարանը պարտավորություն ունի բերել իրական տեսքի: Ես աջակցում եմ համայնքապետին, չի կարող լինել քաղաքում մականունավոր մեկը, որ ապօրինություն իրականացնի։
Խորհրդաժողովն ամփոփվեց Գյումրի համայնքի եկամուտների կատարողականի քննարկմամբ։ Արդյունքները գոհացնող են։ Ընդհանուր առմամբ, Գյումրիում այս տարի շուրջ 14 մլրդ դրամի կապիտալ շինարարություն է իրականացվում, որից 3,5 մլրդ դրամը սուբվենցիոն ծրագրեր են։