Նոր Գեղիից Արգել տանող ճանապարհն է, շինարարները ասֆալտի երկրորդ շերտն են փռում: Փոսերն այստեղ այնքան շատ էին, որ մեքենաները դժվարությամբ էին անցնում այս հատվածը: 10 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգվում է պետական միջոցներով, արժեքը 1 մլրդ 290 մլն դրամ է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Հիմնանորոգում ունենք 2 տեսակի՝ սառը վերամշակման 2 շերտ ասֆալտ, և, որտեղ բնակավայր է, այդ հատվածում ունենք նոր տեղադրված կոնստրուկցիա, պետք է գոյություն ունեցողը քանդվի, հեռացվի, տեղադրվի ենթահիմք, հետո՝ հիմք, հետո՝ երկշերտ ասֆալտբետոն:
Այս հատվածի հետ կապված մեծ ծրագրեր կան, նպատակը Կոտայքը Արագածոտնին որակյալ ճանապարհով կապելն է: Աշխատանքներին ծանոթացել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Անզեն աչքով որակը բավարարում է, բայց «Ճանապարհային դեպարտամենտը» ավարտից հետո նաև լաբորատոր փորձաքննություն կիրականացնի:
Հաջորդ կետը Բջնիից Հրազդան տանող 10.8 կմ-անոց հատվածն էր: Այս աշխատանքների համար կառավարությունը 717 մլն դրամ է հատկացրել:
Այս օրերին Սևանի մայրուղու մի հատվածում ճանապարհը մեկ երթևեկելի գոտում է կազմակերպվում, ձախակողմյան հատվածում միջին նորոգում է իրականացվում: Մոտ 15 կմ ասֆալտի համար պետությունը 670 մլն դրամ է ծախսում: Նախարար Գնել Սանոսյանի խոսքով` ակտիվ շրջում են և առաջիկայում այցելելու են բոլոր մարզեր` տեղում իրականացվող աշխատանքին ծանոթանալու նպատակով:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Փորձում ենք հետևյալ կերպ վարվել, մեկ անգամ կաբինետում որոշել ենք` որտեղ ասֆալտապատել: Իհարկե, այդ որոշման հիմքում բազմաթիվ գործոններ կան դրված, հետո գնում ենք դաշտում տեսնում ենք աշխատանքները` նախ` սկսելիս, հետո՝ բուն ընթացքը աշխատանքների և ավարտը: Միշտ առաջնային ենք համարում այս աշխատանքների որակյալ իրականացումը:
Սևանում գիշերը ճանապարհահատվածը բացում են, նաև շաբաթ-կիրակի` ակտիվ հոսքի ժամանակ, աշխատանքները դադարեցնում են: Սանոսյանը հետևել է նաև, թե ինչ փուլում է Սևանի մայրուղու սկզբում վնասված կամրջի նորոգումը: Նախարարը կատարված աշխատանքից գոհ է:
Վերջին կանգառը Գառնի-Գեղարդի վանք ճանապարհատվածում էր, որտեղ 6 կմ հիմնանորոգում է իրականացվում՝ 1 մլրդ 159 մլն դրամ պայմանագրային արժեքով: Այս հատվածում վերահսկող ու ընդունող կառույցները ջրահեռացման համակարգի հետ կապված խնդիրներ էին հայտնաբերել: Նախարարը ցուցումներ է տվել շինընկերությանը. խնդիրները կվերացվեն, հետո պետությունը կընդունի աշխատանքն ու կվճարի: