Ինքնաշեն հուշարարներ, ականջակալներ, ջրի շշի պիտակի տակ թաքցված հուշաթերթիկներ ու սա դեռ ամենը չէ: Այս տարվա միասնական քննություններն աչքի ընկան դիմորդների մտքի ճկունությամբ:
Չնայած գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցների զգուշացումներին, արգելված իրեր քննասենյակ չտանելու հորդորներին, ոմանք, այդուամենայնիվ, ինքնաշեն հուշարարներ էին պատրաստել, մարմնի վրա փակցրել ու այդպես քննության ներկայացել:
Աստղիկ Ավետյան (ԳԹԿ թեստաբանության բաժնի աշխատակից) - Հնարավոր է՝ միայն դիմորդը չկարողանար էսպիսի մեխանիզմից օգտվել, որովհետև ավելի շատ ֆիզիկայի մասնագետ պետք է լինել, որ էդպիսի բարդ մեխանիզմը կարողանա գործածել: Դիմորդներից մեկն ասել էր, որ կապ տար մյուսներին:
Հայտնաբերելուց հետո ԳԹԿ ներկայացուցիչները դադարեցրել են քննությունը, դիմորդին հեռացրել քննասենյակից: Եվս մեկն էլ ահա այս մտքի թռիչքի համար է հեռացվել: Այս հեռախոսներն էլ Գավառի քննական կենտրոններից մեկում են հայտնաբերել՝ կրկին մաթեմատիկայի քննության օրը:
Աստղիկ Ավետյան - Սովորաբար օգտագործվում են փոքր ականջակալներ, որ տեսանելի չեն, բայց պահվածքից զգացվում է, որ անհանգիստ է, ներքին անհանգստությունից մասնագետները զգում են, որ ինչ-որ բան այն չէ:
Օտար լեզվի քննության օրն էլ առանց միջադեպերի չի անցել: Եվս մեկ հեռախոս Գյումրու քննական կենտրոններից մեկում է հայտնաբերվել:
Գյուլնարա Փալիկյան (ԳԹԿ թեստաբանության բաժնի մասնագետ, քննական կենտրոնի ղեկավար) - Քննությունից շուտ դուրս եկող դիմորդը իր ձևաթուղթը նկարել է, ուղարկել է ընկերուհուն, որը դուրս էր եկել պետքարան, որ օգտվի, և մենք հայտնաբերեցինք հեռախոս:
ԳԹԿ-ում փաստում են՝ ամեն տարի դիմորդների հնարամտությունն ու համարձակությունը կատարելագործվում են: Եղել է, որ երկու հեռախոս հայտնաբերելուց հետո նույն անձի մոտ նաև երրորդն են նկատել: Դիմորդները երբեմն նաև մարմնի տարբեր մասերին են բանաձևեր գրել, լայն հագուստով քողարկել: Թե քանի՛սն են այս պահին հուշարարների օգնությանը դիմել ու հեռացվել քննությունից՝ թվերը կամփոփվեն քննության ավարտից հետո:
Աստղիկ Ավետյան - Ուզում եմ հորդորել դիմորդներին՝ չգնալ այս քայլին, քանի որ քննական կարգի մեջ հստակ նշված է, որ տեխնիկական միջոցներ հայտնաբերելու դեպքում այդ տարի հնարավորություն չեն ունենալու մասնակցելու քննության, զրկվելու են կոնկուրսին մասնակցելուց:
Գյուլնարա Փալիկյան - Թող ապավինեն իրենց գիտելիքներին, այլ միջոցներից օգտվելու դեպքում կարող է ճակատագրական լինել, երկրորդ հնարավորությունը չունենան մասնակցելու քննություններին, հեռացնելու դեպքում ստանում են անբավարար:
Քանի որ առաջիկայում ևս մեկ քննություն կա, դիմորդների հնարամտության որոշ օրինակների մասին ԳԹԿ-ում դեռ լռում են: Բայց և զգուշացնում՝ նման դեպքերը ճակատագրական են լինում, դիմորդները զրկվում են ուսանող դառնալու հնարավորությունից: