ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Հարավային Կովկաս այցի շրջանակում հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, այդ ձևաչափը համարում է շատ կարևոր և պատրաստ է շարունակելու համագործակցությունը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Մոսկվան, սակայն, կասկածում է ԵԱՀԿ ՄԽ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունների անկեղծությանը համագործակցության պատրաստակամության հարցում՝ «Լուրերի» հարցին ի պատասխան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Մարիա Զախարովան:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Թույլ տվեք կասկած հայտնել այդ հայտարարության անկեղծության կապակցությամբ: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի եզակի միջնորդական ձևաչափը, ապա չէին արհամարհի բոլոր մասնակից պետությունների հավանությանն արժանացած մանդատները, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել: Երաշխիքներ չկան, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի։ Ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Պետք է հաշվի առնել նոր իրողությունները:
Զախարովան ընդգծում է՝ ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խարխլեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման առանց այդ էլ բարդ ջանքերը։
Ռուսաստանը նաև կշարունակի սերտորեն աջակցել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հավելում է ռուս դիվանագետը:
Մարիա Զախարովա - Մենք ողջունում ենք եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով փոխվարչապետների նախագահությամբ: Հունիսի 3-ին տեղի է ունեցել հերթական նիստը, մի շարք հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մոտեցել են։ Քննարկումները շարունակվել են նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Անդրադառնալով հունիսի 19-ին Վարդենիսում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը, որի հետևանքով զոհվեց ժամկետային զինծառայող, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայուցիչը կարևորեց հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը՝ հավելելով, որ այդ հարցով զբաղվող հանձնաժողովի երկրորդ նիստը շուտով կկայանա Մոսկվայում:
Մարիա Զախարովա - Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ շրջաններում պարբերաբար ծագող միջադեպերը, խնդիրները հաստատում են սահմանի սահմանազատման հանձնաժողովի արդիականությունը և մշտական աշխատանքի անհրաժեշտությունը: Ռուսաստանը պատրաստ է ամենամոտ ժամանակներս ընդունել հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում, ինչի մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին:
ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը. բացի դրանից, Բաքուն մերժել է կացության թույլտվություն տրամադրել ռուսական «Սպուտնիկ» գործակալության աշխատակիցներին։ Մոսկվան ադրբեջանական կողմի այդ գործողությունները համարում է մամուլի և ազատ խոսքի դեմ հերթական ոտնձգությու՞ն, թե՞ քաղաքական շանտաժ՝ «Լուրերի» հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս հայտնեց, որ նման նախադեպերը հնարավորինս քիչ կլինեն:
Մարիա Զախարովա - Համարում եմ, որ ԶԼՄ-ների և նրանց գործունեության հարցերը պետք է լուծվեն երկու հիմնարար սկզբունքներով՝ համապատասխանությունն օրենքին և հարգանքը խոսքի ազատության ու լրագրողների իրավունքների նկատմամբ, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում:
Նրա խոսքով՝ առաջացած խնդիրները Մոսկվան իր գործընկերների հետ լուծում է երկկողմ ձևաչափով՝ ելնելով նաև ապատեղեկատվությանը հակազդելու ընդհանուր անհրաժեշտությունից: