Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ։
Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մեծապես կարևորում է Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներին։
Արման Դիլանյանը փաստել է, որ Եվրոպայի խորհուրդը Սահմանադրական դատարանի առաջնային գործընկերներից է, և ձևավորված փոխգործակցությունը առանցքային նշանակություն ունի իրավունքի գերակայության խթանման և դատական համակարգի հանդեպ հանրային վստահության հետագա ամրապնդման համար։
Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ողջունել է Սահմանադրական դատարանի նախագահի այցը Ստրաբուրգ՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդն արժևորում է Հայաստանի հետ փոխգործակցությունը և պատրաստակամ է աջակցելու Հայաստանի Հանրապետությունում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ։