Բաքվի ռազմական ավարի պուրակը Ադրբեջանի իշխանության կողմից հովանավորվող ատելության և ռասիզմի օրինակ է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությանն ու Ադրբեջանում համակարգային հայատյացության քաղաքականությանը:
Սոնա Ղազարյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Դուք շատ լավ գիտեք Բաքվի ռազմական ավարի պուրակի մասին, որը փառաբանում է պատերազմը, պատկերում գերության մեջ գտնվող հայ զինվորներին, որտեղ նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և անմարդկային ներկայացնում հայերին: Նույնիսկ դպրոցականներին են տարել այդ այգի:
Եվրոպական հարթակում հայ պատգամավորը հիշեցրել է՝ պուրակից հայ զինվորների մանեկենները հանել են միայն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի հիման վրա:
Սոնա Ղազարյան - Արդարադատության միջազգային դատարանն արդեն ներկայացրել է միջանկյալ որոշում՝ կոչ անելով Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը, այդ թվում՝ իր պաշտոնյաների և հասարակական հաստատությունների կողմից, որոնք ուղղված են հայազգի կամ էթնիկական ծագման անձանց նկատմամբ»: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանում հենց պաշտոնյաներն ու հասարակական կառույցներն են հրահրում և քարոզում ատելություն հայերի նկատմամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային անդրադարձել է նաև Վլադիմիր Վարդանյանը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը այլազգի գործընկերներին կոչ է արել անտարբեր չլինել որևէ ռազմական կոնֆլիկտի նկատմամբ:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Շատ հաճախ, երբ խոսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի մասին, բախվում եմ իմ որոշ գործընկերների լուռ և անտարբեր հայացքներին. նրանք ցույց են տալիս, որ հոգնել են այդ քննարկումներից: Բայց մենք չենք խոսում միայն մեկ հակամարտության մասին, մենք ահազանգում ենք մեր կազմակերպության հիմնարար իրավունքների խախտումների մասին, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, դրանց պաշտպանությունը, ժողովրդավարական արժեքների առաջ մղումը և մարդու արժանապատվության պաշտպանությունը:
Ոչ մի պետություն ապահովագրված չէ պատերազմից, և պետք է շատ զգայուն լինել մարդու հիմնարար իրավունքներից անգամ ամենաչնչին շեղումների նկատմամբ՝ նշել է պատգամավորը:
Վլադիմիր Վարդանյան - Այս հարթակը ոչ միայն խոսելու, այլև լսելու համար է: Խնդրում եմ՝ մի՛ եղեք կույր, խնդրում եմ՝ մի՛ եղեք լուռ: Եվ խնդրում եմ՝ խուլ մի՛ ձևացեք, երբ խոսում ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների մասին:
Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է՝ հիմնարար սկզբունքների խախտումների նկատմամբ աչք փակելը հանգեցնում է առավել գլոբալ աղետների:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան