Օրվա երթուղու ավարտը իսկական անակնկալ էր ռուս զբոսաշրջիկի համար: Բնության մի գողտրիկ վայրում կանգ առնելով՝ զբոսավար Ալմաստ Եսայանը նրան առաջարկեց հագնել հայկական տարազ և լուսանկարվել:
Սանկտ Պետերբուրգից առաջին անգամ Դիլիջան այցելած Տատյանա Զինովևան այնքան հավանեց, որ նույնիսկ փորձեց պարել: Տատյանային այստեղ ամեն ինչ դուր է գալիս՝ բնությունը, մարդիկ, մշակութային հուշարձանները, ուտելիքը: Ասում է՝ ամեն օր բացահայտում է Հայաստանի այս հրաշալի անկյունը:
Տատյանա Զինովևա (զբոսաշրջիկ ՌԴ-ից) - Այստեղ լուսանկարելիս կարելի է նույնիսկ ջանք չթափել, միշտ շատ հյութեղ ու գեղեցիկ է ստացվում: Անհավատալի է, ամեն անգամ տարբեր է բնությունը: Այստեղից դժվար է հեռանալ:
Տպավորությունների հավելյալ փունջը երբեք ավելորդ չէ, իսկ այս աշխատանքն օգնում է զբոսաշրջիկի համար ավելի ճանաչելի դարձնելու Հայաստանը՝ համոզված է Դիլիջանի միակ կին տաքսիստ զբոսավարը:
Ալմաստ Եսայան (տաքսիստ զբոսավար) - Ես ցույց եմ տալիս հայ մարդուն, հայ ընտանիքը, կենցաղը, ապրելակերպը, որը, իմ կարծիքով՝ ավելի հետաքրքիր է և ավելի լայն ազդեցություն է թողնում:
Արցախցի Ալմաստը Դիլիջան է եկել 5 տարի առաջ, այս ընթացքում հասցրել է բացահայտել բնակավայրի ու նրա բնաշխարհի շատերին անհայտ վայրերը և փորձել դա հասանելի դարձնել նաև հովեկներին:
Ալմաստ Եսայան - Իմ տուրերում ներառում եմ համ այն վայրերը, որտեղ բոլորը այցելում են, և դրան զուգահեռ ներառում եմ վայրեր, որոնց մասին ոչ բոլորը գիտեն: Դիլիջանի Մաթոսավանքը ոչ բոլորի համար ա հասանելի, և զբոսաշրջիկին չեն առաջարկում այդ վայրերը:
Մեքենա վարելու և զբոսաշրջային գործակալությունների հետ աշխատանքի փորձը համատեղելով՝ արդեն 3 տարի է՝ այս գործով է զբաղվում, հատկապես օգնում է անգլերենի և ռուսերենի իմացությունը: Ասում է՝ համացանցում որևէ գովազդ չի տեղադրում, զբոսաշրջիկն ինքն է գտնում Ալմաստին:
Ալմաստ Եսայան - Ինձ մոտ գալիս են ինչ-որ մեկի խորհրդով, և հիմնականում թողնում են իմ հայեցողությանը: Մինչև իր երկրից մեր երկիր գալը կարողանում եմ հասկանալ նրա նախասիրությունները:
Զբոսաշրջային եռուն սեզոնին գրեթե ազատ օր չի ունենում, ընտանիքը ևս օգնում է նրան: Ալմաստի 12-ամյա դուստրը շատ լավ է վերաբերվում մայրիկի աշխատանքին:
Աշխեն Պետրոսյան (Ալմաստ Եսայանի դուստրը) - Նա որ օրվա վերջում վերադառնում է, այնքան ուրախ է վերադառնում և այնքան բաներ ունի կիսելու մեզ հետ:
Ալմաստը առայժմ մրցակիցներ չունի, դրանից ոչ ուրախանում է, ոչ տխրում, դա արդեն ապրելակերպ է: