Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի արժեքը 53,5 մլն դոլար է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսված էր իրականացնել չորս ենթածրագրեր՝ ընդհանուր 3.4 մլրդ դրամ արժեքով։ Նախատեսված չորս ենթածրագրերից երկուսն արդեն ավարտվել են:
«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանից դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհի վերականգնում» ենթածրագիրը գտնվում է ավարտական փուլում, իսկ «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագիրը՝ ակտիվ շինարարական փուլում, որի ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին: