Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը պատրաստվում է իրականացնել Արցախից որոշ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր: 6 արջ, առյուծ, լուսան, գայլերը սատկել են. Արցախի Վանք գյուղում կենդանիները պահվում էին անազատության մեջ: Տարածքը պատկանում է գործարար Լևոն Հայրապետյանի ընտանիքին: Մյուսները փրկվեցին, քանի որ սեփականատերը գիտակցեց, որ կենդանիները վտանգված են: Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին հրավիրեց տարածք, և իրականացվեց վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր:
Ռուբեն Խաչատրյան (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն) - Լուսանին բարեհաջող տեղափոխել ենք Երևանի կենդանաբանական այգի, որի կարիքն ունեին, իսկ առյուծի համար դեռ փնտրում են տարածք, միգուցե նաև՝ Աֆրիկայում, որտեղ կա վերականգնողական կենտրոն հենց հատուկ առյուծների համար:
Կենդանիները հյուծված էին, վնասված ատամներով, անկանոն շարժումներ էին անում, ինչը, մասնագետների համոզմամբ՝ փոքր վանդակների հետևանք է: Այժմ արջերը տեղափոխվել են փրկարար կենտրոն, որտեղ ստեղծված են Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի չափանիշներին համապատասխան պահման վայրեր: Արջերը կստանան սննդարար կեր և անասնաբուժական օգնություն: Խաչատրյանը վստահեցրեց՝ կենդանիները լավ են, կարանտինի մեջ են ու մեկ ամսից կտեղափոխվեն հատուկ իրենց համար նախատեսված ազատավանդակներ:
Ռուբեն Խաչատրյան - Այս խնդիրը, ցավոք սրտի, Հայաստանում շարունակում է ակտուալ մնալ, անազատության մեջ ավելի քան 50 արջ կա, որոնք սպասում են իրենց հերթին:
Խաչատրյանը ցավով արձանագրեց, որ Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակում է խնդիր մնալ: Նրա խոսքով՝ կան մեծահարուստներ, որոնց միջոցները թույլ տալիս են կիսաազատ պայմաներում վայրի կենդանիներ խնամել, բայց նրանք մեծ հյուրանոցային համալիրներ ու ռեստորաններ են կառուցում, իսկ արջերին՝ փոքր խցերում տեղավորում:
Ռուբեն Խաչատրյան - Մեկը գտնվում է Հանքավանում, որի տերը ոչ մի ձևով կապի դուրս չի գալիս, խուսափում է լրագրողներից ու գիտակցում է, որ արջը վատ պայմաններում է, օրենքը պետք է հնարավորինս արագ կարգավորումներ տա:
Օրենքը կա՝ խորհրդարանը «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ամբողջությամբ մարտին ընդունել է, բայց համապատասխան ենթաօրենսդրական ակտերը չկան: Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ տեղեկացրին, որ անազատ, կիսաազատ պայմաններում կենդանիներ պահելու հետ կապված ենթաօրենսդրական ակտերի մշակման վերջնաժամկետը 2023-24 թվականն է: Այն պետք է մշակի մասնագիտական հանձնաժողովը, որի ստեղծման հրամանն արդեն տրված է:
Ռուբեն Խաչատրյան - Բնությունը չի սպասում մարդկանց, բնությունը շարունակում է գործը, կենդանիները բազմանում են, այդ կենդանիներին աջ ու ձախ նվիրում են, առանց հաշվառման, ոչ մեկը իրավիճակին չի տիրապետում:
Իսկ մինչ օրենքը վերջնական տեսքի բերվի, Խաչատրյանը հույս ունի, որ «կանաչ» մտածողությունը Հայաստանում և Արցախում կխթանվի, ինչը կձևավորի հարգանք վայրի բնության առանձնյակների նկատմամբ և արմատախիլ կանի գիշատիչ կենդանիներին անազատության մեջ պահելու արատավոր սովորույթը։
Հեղինակ՝ Անի Օհանյան