Միացյալ Նահանգները հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում իր պարտավորություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Ռուսաստանի և Լիտվայի հարաբերություններում առկա լարվածությունը:
«Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է: Դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր անդամների վրա: Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևը»,- պարզաբանել է Փրայսը:
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Լիտվայի տարածքով տարանցվել Կալինինգրադի մարզ:
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են՝ եթե մոտ ապագայում բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնվի, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը:
Նախնական գնահատականով՝ արգելվել է Կալինինգրադի և ռուսական այլ շրջանների միջև փոխադրվող ապրանքների 40-50%-ի տարանցումը, մասնավորապես՝ ցեմենտը, մետաղներ և այլ շինանյութեր: