ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «Ֆորում 405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը:
«Ֆորում 405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, «Թումոյի» տնօրեն Մարի Լու Փափազյանը, «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «Այբ»-ի հիմնադիր Արամ Փախչանյանը, ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, պետական, մասնավոր և հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:
Համաժողովի նպատակն էր հարթակ տրամադրել կրթության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատներին Արցախյան վերջին պատերազմի, համավարակի և համաշխարհային բևեռացման միտումների արդյունքում ստեղծված ճգնաժամային փուլի հաղթահարման և վերածննդի գաղափարների իրագործման համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համաժողովի մասնակիցների ողջունել է հարցազրույցի ձևաչափով` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին և կրթության նվիրյալներին, որոնք ամեն օր անում են անհնարինը երեխաների որակյալ կրթությունն ապահովելու համար:
Պատասխանելով առաջին հարցին, որը վերաբերում էր ՀՀ-ում նախակրթարանների գործունեությանը, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Նախակրթարանները մեր շատ կարևոր օղակներից են. շատ երկրներում պարտադիր կրթության մաս է կազմում նախադպրոցական կրթությունը, և սա պատահական չէ: Ըստ հետազոտությունների` նախադպրոցական կրթությունը կարևոր դեր է ունենում հանրակրթության հետագա ընթացքի վրա: Հանրակրթության ոլորտում մեր քաղաքականության առաջնային խնդիրն է, որպեսզի նախադպրոցական կրթությունը հասանելի դառնա անգամ ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար: Մենք ցանկանում ենք փոխել կրթության բովանդակությունը՝ ապահովելով որակյալ կրթության հասանելիություն, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում»:
Անդրադառնալով 12-ամյա կրթության արդյունավետության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը ասել է, որ հանրակրթության նոր չափորոշչի հիմնական խնդիրն ավագ դպրոցի բովանդակության բարելավումն է, որտեղ մի քանի առաջնային խնդիրներ կան. «Ըստ նոր չափորոշչի՝ մենք փորձելու ենք ավագ աստիճանում անցում կատարել անհատականացված դասացուցակի, այսինքն՝ յուրաքանչյուր երեխա, բացի պետական բաղադրիչից, դասացուցակի մնացած հատվածը կարող է ձևավորել ըստ իր նախասիրությունների: Երկրորդը կրեդիտային համակարգի ներդրումն է ավագ դպրոցում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշումը»:
Ըստ Ժաննա Անդրեասյանի` նոր չափորոշչով բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` 7-րդ դասարանից սկսած:
«Մենք պետք է ձգտենք ունենալ վերջնաարդյունքի վրա հիմնված և սովորողակենտրոն կրթություն՝ իր իրական բովանդակությամբ»,- նշել է փոխնախարարը:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին` նշելով, որ աշակերտների մասնագիտական ճիշտ որոշումը հատկապես այս բնագավառի համար կարևոր է:
Ֆորումի օրակարգային հարցերը վերաբերել են կրթության մեջ նորարարության և առաջնորդության կարևորությանը, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, տվյալների դերակատարությանը և այլ հարցերի։ Համաժողովը ընթանում էր տարբեր սրահներում` «Նորարարություն և առաջնորդություն» և «Համակարգային փոփոխություններ» խորագրերը կրող պանելային քննարկումներով:
«Նորարարություն և առաջնորդություն» քննարկման շրջանակում ելույթ է ունեցել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա անդրադարձել է աշակերտների, ծնողների, դպրոցի և պետության միջև երկխոսության խնդիրներին: