ՊԵՏՔ Է ԳԻՏԱԿՑԵԼ, ՈՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԱՊԱԳԱՆ ԵՄ-Ի ՀԵՏ Է. ՄԻՇԵԼ
ԵՄ երկրները լիակատար քաղաքական կոնսենսուս են ձեռք բերել Եվրամիության հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում, սակայն ոչ արագացված ընթացակարգով՝ Լյուքսեմբուրգում կառույցի ընդհանուր գործերի խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը։
«Այժմ այդ հարցը կքննարկեն պետությունների և կառավարությունների ղեկավարները»,- ընդգծել է Կլեման Բոնը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, իր հերթին, նշել է, որ գագաթնաժողովում ԵՄ առաջնորդներին կոչ կանի Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել միայն Ուկրաինային և Մոլդովային։
«Հարկավոր է գիտակցել, որ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան ԵՄ-ի հետ է»,- ասված է Միշելի՝ Եվրոպական խորհրդի անդամներին ուղղված նամակում:
«ԱԶՈՏԻ» ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՒՄ Է 568 ՄԱՐԴ
Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը՝ տեղեկացրել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարն էլ հայտնել է, որ արդյունաբերական գոտու ապաստարաններում այժմ գտնվում է 568 մարդ, այդ թվում՝ 38 երեխա:
«Խոսքը, հիմնականում, ձեռնարկության աշխատակիցների և նրանց ընտանիքների մասին է. նրանք հրաժարվել են տարհանվել»,- պարզաբանել է Սերգեյ Գայդայը։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սևերոդոնեցկի համար ճակատամարտում վճռվում է Դոնբասի ճակատագիրը:
ԱՄՆ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱՏՕ-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Միացյալ Նահանգները հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում իր պարտավորություններին՝ հայտարարել է պետքարտուղարության խոսնակը` մեկնաբանելով Ռուսաստանի և Լիտվայի հարաբերություններում լարվածությունը:
«Մենք ուժեղացրել ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է: Դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը կնշանակի հարձակում բոլոր անդամների վրա»,- պարզաբանել է Նեդ Փրայսը:
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Կալինինգրադի մարզ տարանցվել Լիտվայի տարածքով:
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են՝ եթե մոտ ապագայում բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնվի, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը:
ԱՄՆ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՄԵԾԱՑՆԵԼ ՆԱՎԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ. ԲԱՅԴԵՆ
Վաշինգտոնը պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները՝ հայտարարել է Ջո Բայդենը: Միաժամանակ, ԱՄՆ նախագահի խոսքով, նավթագազային ընկերությունները չպետք է հրաժարվեն էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու գաղափարից:
Սպիտակ տան ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ուկրաինական հակամարտության ընթացքում պարզ կդառնա՝ որքան դիմացկուն են Ռուսաստանը և Արևմուտքը:
«Վաշինգտոնն ու Եվրոպան պետք է պատրաստ լինեն առերեսվելու Մոսկվայի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքներին»,- ընդգծել է Բայդենը:
Անդրադառնալով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չինական մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացման հնարավորությանը՝ նախագահը տեղեկացրել է, որ նախատեսում է այդ հարցով հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
ԻՏԱԼԻԱՅԻ ՄՈՏ 28%-Ը ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Իտալիայի տարածքի մոտ 28%-ը երաշտի և շոգի պատճառով անապատի կվերածվի՝ մտահոգություն են հայտնել գյուղատնտեսական արտադրողների Coldiretti ասոցիացիայում։
Կառույցի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2022 թվականին տեղումները կրկնակի նվազել են, իսկ մոտ ժամանակում երկրում ջերմաստիճանը կգերազանցի 40 աստիճանը:
Գյուղմթերք արտադրողների ասոցիացիան ահազանգում է, քանի որ ջրի բացակայության պատճառով վտանգի տակ են գյուղատնտեսական արտադրանքի 30%-ից ավելին, ինչպես նաև անասնաբուծությունը։