Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին:
«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել:
Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները: