Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Կլեման Բոնը բացառել է Ուկրաինայի՝ ԵՄ կազմ արագացված ընդունման հնարավորությունը՝ առանց նախատեսված բոլոր պայմանների պահպանման:
«Արագացված ընթացակարգ և ազատ մուտք չեն լինի: Մենք բացում ենք դուռը, սակայն ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ են ռազմական գործողությունների դադարեցում, երկրի վերականգնում, համապատասխան տնտեսություն և ժողովրդավարության մակարդակ: Դա ժամանակ է պահանջում»,- նշել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային երկար ճանապարհ է սպասում Եվրամիությանը միանալու համար, քանի որ անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների, այդ թվում՝ Ֆրանսիայի միաձայն որոշումը, որտեղ կարող է հանրաքվե պահանջվել:
Ավելի վաղ Բոնը հայտնել էր, որ Եվրամիության երկրները լիակատար քաղաքական կոնսենսուսի են հասել հունիսի 23-24-ը կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային Միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում: