Կալինինգրադի շրջափակման պատճառով Վիլնյուսի դեմ Մոսկվայի պատասխան միջոցները կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Պատասխան միջոցները մշակվում են միջգերատեսչական ձևաչափով։ Դրանք կլինեն ոչ թե դիվանագիտական, այլ գործնական հարթությունում»,- ասել է դիվանագետը:
Նա տեղեկացրել է, որ Մոսկվան Լիտվային և Եվրամիությանը հայտնել է նրանց գործողությունների անթույլատրելիության, դրանց փոփոխման անհրաժեշտության, ինչպես նաև իրավիճակն օրինական հուն վերադարձնելու մասին:
Զախարովան հավելել է, որ առայժմ ընթանում է պատասխան միջոցների քննարկումը: Դրանք կախված կլինեն նրանից, թե արդյոք Լիտվան կհամաձայնի՞ չեղարկել տարանցման արգելքը։
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարարը տեղեկացրել էր, որ հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Լիտվայի տարածքով տարանցվել Կալինինգրադի մարզ: