2021-ին բժշկասոցիալական փորձաքննություն է անցել 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորված շուրջ 2000 անձ: Հաշմանդամություն է սահմանվել 1498-ին:
Ռիմա Եգանյան (ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ) - Որից 112-ին առաջին խմբի՝ 2 տարի ժամկետով, 396 անձի՝ 2-րդ խմբի հաշմանդամություն՝ 1 տարի ժամկետով, շուրջ 980 մարդու՝ 3-րդ խմբի: 102 անձի հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ, այսինքն՝ վերականգնման հեռանկարի բացակայություն է դիտվել:
Եգանյանը պարզաբանում է՝ ինչու է անդամահատված տղաներին 1 տարի ժամկետով 2-րդ խմբի հաշմանդամություն սահմանվել: Դա արվել է, որպեսզի նրանք օգտվեն վերականգնողական բժշկական օգնությունից:
Ռիմա Եգանյան - Ունենք դեպքեր, որ ծայրատն ամբողջությամբ չի վերականգնվել, այտուցը չի նստել, էս դեպքերում նորից մնացել է 2-րդ խմբի հաշմանդամություն՝ 1 տարի ժամկետով, մինչև վերականգնումը նորմալ կլինի, և անձին կսահմանվի իրեն հասանելի հաշմանդամության խումբը անժամկետ:
Այս տարի արդեն փորձաքննություն է անցել 440 վիրավոր, որից 183-ին՝ 3-րդ, 60 անձի՝ 2-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել:
Ռիմա Եգանյան - 120 անձի հաշմանդամություն չի սահմանվել կամ 27.1 տոկոսին:
Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոնում գրեթե ամեն օր իրականացվում են փորձաքննություններ՝ տարեկան կազմելով շուրջ 53 հազար:
Ռիմա Եգանյան - Եղել են տարիներ 47, 48, 70 հազար, բայց, միջին հաշվով, վերջին տարիների ստատիստիկան ցույց է տալիս, որ ունենում ենք 50-53 հազար: 12-15 հազարը՝ առաջնակի փորձաքննվողներն են:
2021-ի մայիսին ԱԺ-ը ընդունեց «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որով նախատեսվում է հաշմանդամությունը գնահատել ոչ թե բժշկասոցիալական փորձաքննությամբ, այլ անձի ֆունկցիոնալության աստիճանը որոշելով:
Ռիմա Եգանյան - Ամբողջովին կույր անձը, երկու ոտքի բացակայությունը, ռեանիմացիայում կոմայում պառկած անձը՝ բոլորը համարվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ: Բոլորի համար սահմանված են նույն արտոնությունները:
1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձը կարող է անվճար երթևեկել էլեկտրական տրանսպորտով: Այս արտոնությունն, օրինակ՝ կիրառելի չէ հաշմանդամություն ունեցող մարզաբնակ անձանց համար:
Ռիմա Եգանյան - Ֆունկցիոնալության սահմանափակման ժամանակ կգնահատվի կարիքին համապատասխան աջակցության տեսակը, ունի՞ օգնականի, խնամողի կարիք:
Արձանագրությունները, որոնք կկազմվեն անձի ֆունկցիոնալությունը գնահատելիս, կպարունակեն անձի կենսագործունեությունը գնահատող ծածկագրեր: Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023-ի փետրվարի 1-ից: