Գրանցում, ներկայությունը երաշխավորող ստորագրություն, ու դիմորդները պատրաստ են քննական հերթական օրվան: «Ֆիզիկա», «Հայոց պատմություն» առարկաներից քննություն հանձնողների համար հանրապետությունում 25 քննական կենտրոն է ձևավորվել, 7-ը՝ Երևանում: «Հայոց պատմության» համար հայտագրվել է 1487 դիմորդ, «Ֆիզիկա» հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 1585 է: Քննասենյակ մտնելիս այստեղ պարտադիր կանոններ կան:
Արմեն Վիրաբյան (քննական կենտրոնի ղեկավար) - Բջջային հեռախոսները, խելացի ժամացույցները չենք թույլատրում ներս տանեն, ավելորդ իրերն այստեղ են դրվում:
Որոշ ֆիզիկական հաշվարկների համար հաշվիչներ նաև այսօր են թույլատրել քննասենյակ տանել: Գնահատման և թեստավորման կենտրոնը երեկ դիմորդներին կրկին հիշեցրել ու հորդորել էր՝ միայն պարզ հաշվիչներից օգտնել: Պոլիտեխնիկի դիմորդը մեկի փոխարեն երկուսն է իր հետ վերցրել: Քաղցրն էլ չի մոռացել:
Տիգրան Բաղդասարյան (դիմորդ) - Երբ որ քնում եմ, կեսից արդեն քնում եմ, պետք է լինում քաղցր, որ առույգանամ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է ուզում դառնալ: Շանսերը բարձր է գնահատում: Մաթեմատիկայի քննությունը հանձնել է, 16,5 միավոր հավաքել:
Տիգրան Բաղդասարյան - Հետաքրքիր է այդ ոլորտը, ուզում եմ ծրագրավորող դառնալ: Ամենալավ տեղերից է, որտեղ կարող էի դիմել:
Համար 135 դպրոցում ձևավորված քննական կենտրոնում դիմորդները քննություն են հանձնում 3 տարբեր քննասենյակներում: Որպեսզի շոգը քննությանը չխանգարի, հովացնող սարքեր են տեղադրել:
Արմեն Վիրաբյան - Պայմանավորված արևի դիրքով, որ առավոտյան արևը ընկնում է սրահ, նաև տնօրինության օգնությամբ, հովացնող միջոց ենք տեղադրել:
Քննությունը մեկնարկեց ուղիղ 9:30-ին: Ամբողջ գործընթացին ծնողները էկրաններից են հետևում: Հավասար անհանգստանում:
Այս քննական կենտրոնում 7 բացակա ունեին: Նրանց հնարավորություն կտրվի լրացուցիչ փուլին մասնակցել միայն ԳԹԿ դիմելուց ու հիմնավորում ներկայացնելուց հետո: