Երևանի ավագանու որոշմամբ հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին կտեղադրվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում։
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետին ուղղված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գրությունը։
Օհան Դուրյանի այրու գլխավոր խնդրանքն այն է, որ կիսանդրու ստեղծումը վերապահվի ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանին։
«Արել եմ էսքիզ, գլխով ու ձեռքերով, հենված է սյուներին, ինքն էլ մեր ազգի մշակույթի սյուներից է»,- ասաց Բաղդասարյանը։
Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե ինչու մաեստրոյի ձեռքին փայտիկ չի նախատեսվում։
«Օհան Դուրյանի դեպքում այդ փայտիկը միշտ բացակայել է։ Նա մի հետաքրքիր արտահայտություն ուներ՝ ավելի լավ է պարտիտուրն ունենաս գլխուդ մեջ, քան գլուխդ մտցնես պարտիտուրի մեջ։ Այսինքն՝ պիտի ամեն ինչ անգիր իմանաս, որ վերապրես»,- ասաց հասարակական գործիչ, պրոդյուսեր Վահան Վարդապետյանը։