Մշակութային գործիչները շարունակում են քննարկել Հայաստանում կոչումների չեղյալ հայտարարման նախագիծը։
Մշակույթի գերատեսչությունն առաջարկում է պահպանել միայն «Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ» և «Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումները, մյուսները՝ չեղարկել:
Պարզաբանում են՝ որոշումը դաշտն ավելի բաց դարձնելու համար է։ Այդպիսի կոչումներ չկան աշխարհում։
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ կոչումները փչացնում են մթնոլորտը, որոշ անձանց համար հենց դրանք են դարձել գերագույն նպատակ, ոչ թե ստեղծագործելը։
Երգահան Վահան Արծրունու խոսքով էլ՝ պետություն-արվեստագետ հարաբերությունները պետք է համակարգվեն օրենքով, գործեն ամրագրված որոշակի չափորոշիչներ, ոչ թե որոշումներ կայացնի որևէ պետական գործիչ կամ մասնագիտական խումբ։
Սվետլանա Սահակյան (ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ) - Կոչումները, ըստ էության, մենք ժառանգել ենք խորհրդային իշխանությունից։ Խորհրդային տարիներին այդ կոչումները լծակ էին՝ խորհրդային կարգերը գովերգելու, խորհրդային գաղափարախոսությունը տարածելու համար։
Ռուբեն Բաբայան (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար) - Մենք մեր վերաբերմունքը արվեստագետի հանդեպ պետք է ցուցադրենք այնքանով, որ թույլ տանք արժանի ներկայանալ, կարողանալ ստեղծագործել, ապահովել այդ հնարավորությունները:
Վահան Արծրունի (երաժիշտ, երգահան) - Այլ մեխանիզմներ են գործում, որոնցից ամենաարատավորը հենց ժողովրդի և հասարակության սիրո չափն է: Այդ չափով առաջնորդված պետական գործիչները մի շարք անգրագետ գործիչների և ճաշարանային ենթամշակույթի ներկայացուցիչների բարձրացրին և դրեցին այն աստիճանի վրա, որի վրա գտնվում են հսկայական վաստակ և արժանիքներ ունեցող լուրջ արվեստագետներ:
Հեղինակ՝ Անի Ավագյան