ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԿՀԶՈՐԱՑՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանը, հաշվի առնելով հնարավոր ռազմական սպառնալիքներն ու ռիսկերը, ավելի կհզորացնի իր զինված ուժերը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ: Կրեմլի առաջնորդը նաև հայտնել է, որ առաջին «Սարմատը», որը ամենահզոր հրթիռն է իր հեռահարությամբ, մարտական հերթապահություն կիրականացնի արդեն տարեվերջին: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ «Սարմատ» ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը հաջող է ընթացել:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ ռուսական զորքերը, ի պատասխան Սև ծովում հորատման հարթակների վրա Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման, գերճշգրիտ «Օնիքս» հրթիռներով Օդեսայի մերձակայքում ոչնչացրել են անգարներ, որտեղ պահվում էին «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն և այլ ռազմական տեխնիկա:
ՄՈՍԿՎԱՆ ԲՈՂՈՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՄ ԴԵՍՊԱՆԻՆ
Մոսկվան իր բողոքն է հայտնել ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիության ներկայացուցչին խիստ բողոք են հայտնել Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության մնացած տարածքների միջև տարանցիկ բեռնափոխադրումների սահմանափակման կապակցությամբ: Նշվել է, որ նման գործողությունները խախտում են համապատասխան իրավական ակտերը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ Եվրամիության քաղաքական պարտավորությունները, որոնք հանգեցնում են լարվածության աճի, անթույլատրելի են: Հունիսի 18-ից Վիլնյուսը, համաձայն Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների, արգելել է Լիտվայի տարածքով բեռների տարանցումը Կալինինգրադի մարզ և հակառակ ուղղությամբ։ Արգելքը վերաբերում է մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի միջև փոխադրվող բեռների մինչև 50%-ին:
ԵՄ-Ն ԴԵՄ ՉԷ ԿԻԵՎԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ
Եվրամիության անդամ ոչ մի երկիր չի առարկում Ուկրաինային միությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրմանը՝ հայտարարել Է Լյուքսեմբուրգի արտգործնախարարության ղեկավար Ժան Ասելբոռնը ու ևս մեկ անգամ հիշեցրել, որ այդ կարգավիճակը դեռ չի նշանակում անդամակցություն: Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան պարզաբանել Է, որ Եվրամիությունը պետք Է Ուկրաինային տրամադրի թեկնածուի կարգավիճակ ուկրաինացիների ոգու պահպանման համար, մինչդեռ իրական անդամակցության համար դեռ շատ քայլեր պետք Է արվեն: Նա ընդգծել Է, որ այդ որոշումը լոկ հույսի խորհրդանիշ Է:
ԿԱՅԱՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԳՈՒՏԵՐԵՇԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կողմերը քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլերի հաջորդականությունը: Էրդողանի խոսքով Թուրքիան շարունակում է կողմերին կոչ անել վերսկսել խաղաղ բանակցությունները և դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիվանագիտական ճանապարհով։ Թուրքիայի նախագահը նաև հայտնել է Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման համատեղ ջանքերի շարունակման մասին, ինչը կնպաստի համաշխարհային պարենային ճգնաժամի կանխմանը։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԳՐԱՆՑԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ֆինլանդիան առաջընթաց չի գրանցել Թուրքիայի հետ բանակցություններում, հետևաբար հավանական է, որ երկիրը մինչև աշուն չկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին՝ հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն ու շեշտել, որ այնուամենայնիվ գոհ են, գոնե քննարկումները սկսվել են։ Թուրքիայի նախագահ Էրդողանը և թուրքական կառավարությունը դեմ են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։ Անկարան բացատրում է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ի անդամները, որոնց Անկարան ահաբեկչական է ճանաչել, ներկայացուցիչներ ունեն Շվեդիայի խորհրդարանում, ցույցեր են անցկացնում Ստոկհոլմի փողոցներում և հարցազրույցներ են տալիս շվեդական ու ֆիննական հեռուստաալիքներին։