ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում պայթյունի հետևանքով ՍՊ ընկերության աշխատակիցներից մեկի մահվան, ևս մեկի վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թ. հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արին Բերդ փողոցում, մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախքաննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է հատուկ տեխնիկական միջոցներով միմյանցից կտրված երկաթե խողովակի երկու կտոր, իսկ խողովակում՝ սպիտակ փոշենման զանգված:
Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում առաջացած պայթյունը:
Քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ պայթյունի պատճառները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: