ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:
Իր ելույթում Հայաստանի ղեկավարն անդրադարձել է այսօր առկա մարտահրավերներին, որոնք կապված են հիմնականում մատակարարման շղթաների հետ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տնտեսական միությունում առկա խնդիրների լուծման տարբերակները, նշել՝ վերջին տարիների փորձը փաստում է, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտները բխում են միասնական, համակարգված, ներդաշնակեցված կանոնների բացակայությունից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը:
Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ կան, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային մատակարարման վրա:
Այս փաստով պայմանավորված՝ ակնկալում եմ, որ միության անդամ երկրները պետք է կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ նվազագույնի հասցնելով սննդի պակասի հավանականությունը։