Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և հրամանատարությանը՝ կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:
Ոստիկանության զորքերը ձևավորվեցին փաստացի պատերազմի բովում, անկախության կերտման ճանապարհին, երբ մեր նորաստեղծ պետությունը մի կողմից հարկադրված էր դիմակայել արտաքին հակառակորդին, մյուս կողմից՝ պայքարել երկրի ներսում կարգուկանոնի հաստատման, տարբեր հանցավոր խմբերի և երևույթների դեմ:
Հայաստանի Ոստիկանության զորքերին վիճակված էր հանդես գալ երկու ճակատում էլ, և երկու դեպքում էլ ոստիկանության ծառայողները պատվով հաղթահարեցին այս փորձությունները՝ ունենալով նաև ծանր ու անմոռանալի կորուստներ:
Անշուշտ, 30 տարում Ոստիկանության զորքերն անցել են դժվարին կայացման ճանապարհ՝ առնչվելով տարբեր բարդությունների: Բայց նաև այսօր վստահաբար կարող ենք ասել, որ ոստիկանության զորքերը լիովին համահունչ են իրենց կոչմանը՝ ապահովելով հասարակական կարգն ու բոլորիս անվտանգությունը:
Կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին և խոնարհվում հայրենիքի պաշտպանության համար զոհված ոստիկանության ծառայողների հիշատակի առաջ»,- ասված է ուղերձում: