Այս պահին առաջին փուլով, այսինքն՝ առավելություն ունեցող խմբի երեխաներից, արդեն հայտագրվել է մոտ 5 500 երեխա:
Թիվը ժամը 14:30-ի դրությամբ է: Հունիսի 21-ից սկսվում է հանրակրթական պետական դպրոցներում առաջին դասարանցիների եռափուլ հայտագրման գործընթացը: Համակարգն աշխատում է առավոտյան 9-ից՝ 24 ժամ: Հայտագրումն իրականացվում է տարրական դասարան ունեցող բոլոր այն դպրոցներում, որոնք համայնքում միակը չեն:
Սյուզի Մաշուրյան (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տեղեկատվավերլուծական բաժնի պետ) - Օրինակ՝ գյուղական համայնք է, ունի մեկ դպրոց, անկախ նրանից՝ լիցենզիայով սահմանված են թե ոչ, էդ գյուղի երեխաները չեն կարող գնալ այլ գյուղ: Թղթով գնում են դպրոց, գրանցում են, հետո տվյալները մուտքագրվում են:
Առաջին փուլով ընդունելության իրավունքը առավելություն ունեցող երեխաներինն է, այսինքն՝ եթե հայտագրվող երեխան նույն կրթական հաստատությունում սովորող քույր, եղբայր կամ աշխատող ծնող ունի: Հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում, կավարտվի հուլիսի 6-ին՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական ուսուցմամբ դասարանների համար:
Սյուզի Մաշուրյան - Նախորդ տարիներին կարողանում էին մեկի համար հայտագրել մի քանի համակարգչից, ով արագ հասցնի, բերում էր համակարգի անչափելի ծանրաբեռնվածության: Այս տարի մի երեխայի համար թույլ կտրվի մեկից:
Մաշուրյանը հիշեցնում է՝ հուլիսի 6-ին բացվում է ընդունելությունը ընդհանուր սկզբունքով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար: 3-րդ փուլը, որ այս տարի առաջին անգամ կիրականցվի, կմեկնարկի հուլիսի 12-ից՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։
Սյուզի Մաշուրյան - Եթե ծնողները, լինելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կամ օտարերկրյա քաղաքացի, ցանկանում են կազմակերպել հայկական ուսուցմամբ դասարաններում, չպիտի սպասեն հուլիսի 13-ին, ընդունելությունը պետք է սկսեն հուլիսի 6-ից: Այսինքն՝ չի պարտադրում ընտրել ռուսական ուսուցմամբ դասարաններ:
Զույգ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։ Կրթական տեխնոլոգիաների կենտրոնից հիշեցնում են՝ հայերենով ուսուցմամբ դասարանների համար առցանց հայտագրման համար պետք է մուտք գործել hayt.emis.am հասցեով, ռուսական ուսուցմամբ դասարանների համար հղումն այլ է՝ haytru.emis.am: Հայտագրումը կշարունակվի ուսումնական ամբողջ տարվա ընթացքում:
Սյուզի Մաշուրյան - Հայտագրված երեխաների համար էկրանին հայտնվում է ծածկագիր, կարող են հարկ եղած դեպքում չեղարկել, խնդրում եմ՝ անհարկի չչեղարկել, կարող է այլևս տեղ չլինի:
Հայտագրումից հետո պետք է մինչև սեպտեմբերի 5-ը գրավոր դիմում ներկայացնել դպրոց, հակառակ դեպքում առցանց հայտագրումը կչեղարկվի: Դպրոցների տեղերի քանակն ավելին է, քան տվյալ տարում ծնված երեխաների թիվը: Ակնկալվում է՝ սեպտեմբերի 1-ին առաջին դասարան կգնա մոտ 40 հազար երեխա: