Արագ և ճկուն, ինչպես ժայռեր մագլցող բեզուարյան այծը: Այս կենդանին հայ ստեղծարարներին հուշել է՝ ոչ թե նոր հեծանիվ հորինել, այլ երկանիվ մեքենան հարմարեցնել հայաստանյան լանդշաֆտին: «Բեզուն» մեծ պոտենցիալ ունի՝ մեր երկրում փոխարինելու չինական հեծանիվներին:
Ասյա Այվազյան («Բեզու» ընկերության համահիմնադիր) - Մենք դիմեցինք բիզնես ինկուբատորի աջակցությանը, ծրագրի արդյունքում հաղթողների շարքում էինք և կարողացանք 10000 դոլարի չափով դրամաշնորհ ստանալ, որին նաև մենք ավելացրինք մեր ներդրումը, կարողացանք արտադրել մեր առաջին խմբաքանակը:
Հեծանիվը համարվում է այն երկրի արտադրությունը, որտեղ այն նախագծվել է: Այս հեծանիվներն ամբողջությամբ նախագծել և զոդել են Հայաստանում հայ ինժեներներն ու վարպետները:
Ալեքսանդր Խաչատուրով («Բեզու» ընկերության համահիմնադիր) - Կմախքը, վրայի այս փոքր դետալներն ամբողջությամբ արտադրվում են Հայաստանում, ներկապատումը և մնացածը նույնպես արվում է Հայաստանում: Ի դեպ, ունենք գունային ընտրության հնարավորություն, մնացած կոմպոնենտներն արդեն ներկրվում են:
Ընկերության արտադրանքը դեռ հայկական շուկայի համար է, համահիմնադիրն ասում է՝ եթե ամեն ինչ հաջողի, հայկական հեծանիվները կվաճառեն նաև միջազգային շուկայում: Մինչև այդ նոր մոդելներ կնախագծեն ու ավելի մեծ տեսականիով աշխարհին կներկայանան: Հայկական հեծանիվներն այժմ Երևանի փողոցներում թեստավորման փուլ են անցնում:
Ալեքսանդր Խաչատուրով - Հաճախորդին առաջարկում էինք քշել մեր հեծանիվը, ու քոմենթ լսեցինք, որը մեզ համար շատ կարևոր է. «Լավ ձիգ է, ոնց որ «Լենդ կրաուզեր» լինի: Չէ, շատ լավն ա, իր դիզայնը շատ սիրուն ա, ու ամուր են»: Այ, էդ էն բառերն են, որոնց մեր բիզնես պլանում ուզում էինք հասնել:
«Բեզուի» թիմը մտածել է նաև հետագա խնդիրների, առաջացող բարդությունների մասին, ու հեծանիվը նախագծելիս հատուկ տեղ հատկացրել փոքրիկ շարժիչի համար: Հայկական հեծանիվի երկրորդ խմբաքանակն այդ առավելությունն էլ կունենա:
Ասյա Այվազյան - Մասիվից իջնելու համար, այո, կարող են հեծանիվ օգտագործել, բարձրանալիս շատ դժվար կլինի: Այ, էլեկտրականի գաղափարը հենց էդտեղից եկավ, որ դնենք շարժիչ հեծանիվի վրա, որը կօգնի մարդուն աշխատանքի գնալ, վերադառնալ»:
Հայ ինժեներներից երեք ամիս է պահանջվել երեք մոդելի հեծանիվ նախագծելու համար: Առաջին խմբաքանակը միայն մեծահասակների հեծանիվներ են, եթե պատվերներ ունենան, երկանիվ հեծանիվներ կստեղծեն նաև փոքրերի համար: Ընդ որում՝ չափն ու գույնը կարող է հաճախորդը որոշել: