Այս օրերին Երևան-Երասխ մայրուղու վրա բեռնատարներ հաճախ կարելի է տեսնել: Հայաստանում մեկնարկել է ծիրանի արտահանման գործընթացը, հունիսի 20-ի տվյալով երկրից արտահանվել է 4600 տոննա ծիրան: Մեղրիից հետո ծիրանն ամենաշուտը հասունանում է Երասխի, Արմաշի ու Սուրենավանի այգիներում:
Վասյա Դարբինյան (այգեգործ) - Անցած տարիների որակը չունի, բայց, ասենք, միջին չափով նորմալ է: Ամսի 10-ից սկսել ենք արտահանելը:
Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի քանակից գոհ են, սակայն անցած տարվա համեմատ ծիրանը մանր է՝ ասում է այգետերը: Որոշ ճյուղեր ծանրությունից նույնիսկ կոտրվել են: Արտաշատի տարածաշրջանում ոչ միայն ծիրան, այլև պտղատու այգիներում բերք չկա՝ ասում է մարզպետարանի գյուղվարչության պետը:
Հայկազ Տերտերյան (Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ) - Ի տարբերություն անցած տարիների՝ նման բան չէր նկատվել, ամբողջ Արտաշատ համայնքում բազմամյա տնկարկների պտղատու այգիների 80 տոկոսը ցրտահարվել է: Մի 20 տոկոս բարձրադիր վայրերում ունենք, բայց այդ բացը լրացնում է Արարատի տարածաշրջանը:
Այս տարվա համար մարզպետարանի գյուղվարչությունը կանխատեսել էր 15 հազար տոննա ծիրան, սակայն բերքի հասունացման հետ նկատելի է՝ 20 հազար տոննայի կհասնի՝ ասում է Հայկազ Տերտերյանը:
Որքան էլ մարտն ու մայիսը ցուրտ ամիսներ էին համարվում, ըստ մարզպետարանների կանխատեսումների՝ 38 հազար տոննա սպասում են Արմավիրի, 18 հազար էլ՝ Արագածոտնի մարզից: Օրեր առաջ արտահանողները մեկ կիլոգրամի դիմաց վճարում էին 700, այնուհետև՝ 500, հիմա արդեն՝ 200 դրամ: Գնի նվազումը պայմանավորված է բերքի արագ հասունացմամբ, ծիրանն իր նրբությունն ունի, հասունանում է օր օրի, երկար պահել չի լինի: Այգետերերը հիմա աշխատողի պակաս են զգում:
Վասյա Դարբինյան - Ծառերը ծանրաբեռնված են բերքով, և աշխատող չենք ճարում, ծիրանն էլ էն բերքն է, եթե մի օր չենք քաղում, հասունանում է:
Աշխատողներ հրավիրում են և՛ Վայոց ձորից, և՛ Արմավիրից: Մարզից մարզ տեղափոխման և ընդմիջման ծախսերը այգետերն է հոգում, գումարած՝ աշխատավարձը, որն անցած տարի յոթ հազար դրամ էր. այս տարի, սակայն, նույն գնով էլ չեն աշխատում: Աշխատանքի ժամերը՝ 8-ից մինչև 5-ը, աշխատավարձը՝ 10 հազար դրամ:
Օդի ջերմաստիճանով պայմանավորված՝ ևս մեկ-երկու շաբաթից մեծ բերքահավաք կսկսվի Արմավիրում ու Արագածոտնում: