ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՄ-ԻՆ ԱՐԺԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
«Կիևն ամեն օր ապացուցում է, որ արդեն Եվրոպայի մաս է»՝ իր երեկոյան ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահն ու նշել, որ այդ հաջողությունից Ռուսաստանը խիստ նյարդայնացած է: Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան արժանի թեկնածու է, և շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նախաձեռնել ու իրականացրել են այն բարեփոխումները, որոնց շնորհիվ Ուկրաինան ավելի մոտ է կանգնել Եվրոպական երազանքին: Զելենսկին նաև հայտնել է, որ հաստատվել է երկրի Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որն այս գործընթացում անչափ կարևոր քայլ է։ Խոսելով հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ հրետակոծությունը շարունակվում է Խարկովում, Օդեսայում, հարձակողական գործողություններ են ընթանում Դոնբասում։
ՄՈՒՐԱՏՈՎԸ ՄԵԴԱԼԸ ՎԱՃԱՌԵԼ Է 103.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող, «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովի մեդալն ԱՄՆ-ում վաճառվել է 103,5 միլիոն դոլարով. մեկնարկային գին է սահմանվել 550 000 դոլարը, որը բարձրացել է մինչև 16,6 միլիոն դոլարի, այնուհետև անհայտ գնորդը հեռախոսով առաջարկել է 103,5 միլիոն դոլար: Աճուրդի մեկնարկից առաջ Մուրատովը հայտնել էր, որ ամբողջ գումարը փոխանցվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին. միջազգային կազմակերպությունը պարտավորվել է մեդալի վաճառքից ստացված հասույթը փոխանցել այն պետություններին, որտեղ ապաստանել են ուկրաինացի փախստական երեխաները։
Մուրատովը մրցանակն ստացել էր 2021 թ. ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսայի հետ՝ «կարծիքի արտահայտման ազատությունը պաշտպանելու ջանքերի համար»։
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ. ԶՈՒՐԱԲԻՇՎԻԼԻՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
Երեկ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց կայացել է «Տուն՝ դեպի Եվրոպա» ակցիան, որին միացել են ակտիվիստներ Վրաստանի տարբեր շրջաններից: Հանրահավաքը նախաձեռնել է «Ամոթ է» քաղաքացիական շարժումը, որին մասնակցել են քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։
Մասնակիցները հայտարարել են, որ համախմբվելու են՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրմանը և դժգոհություն հայտնելու հակաարևմտյան հռետորաբանության և երկրի իշխանությունների վարած քաղաքականության առնչությամբ: Ակցիաները տեղի են ունենալու ամեն շաբաթ: Հանրահավաքից րոպեներ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է հանրահավաքի մասնակիցներին։
Արտակարգ ուղերձում նախագահը խոսել է Եվրահանձնաժողովի որոշման մասին՝ նշելով, որ մինչ այս Վրաստանը չէր էլ կարող երազել եվրոպական հեռանկարի մասին։ «Սա շատ կարևոր և պատմական պահ է մեր երկրի համար։ Մենք բոլորս սպասում ենք որոշմանը, որը մեզ նոր հնարավորություն կտա հետագա զարգացման համար»,- իր ուղերձում նշել է Զուրաբիշվիլին՝ շեշտելով, որ բոլորն են ցանկանում եվրոպական Վրաստան։
Զուրաբիշվիլին կոչ է արել անել ամեն բան՝ որպես արժանապատիվ եվրոպական երկիր ներկայանալու համար։ Վրաստանում սկսված ցույցերի ֆոնին հայտարարություն է արել նաև իշխող «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նա մեղադրել է ընդդիմությանը երկրում քաղաքական բևեռացման աստիճանն էլ ավելի բարձրացնելու համար: «Եվրահանձնաժողովի թիվ մեկ հանձնարարականը բևեռացումը նվազեցնելն էր, բայց տեսնում եք, որ նրանք հակառակն են ցանկանում անել»,- նշել է Կոբախիձեն, նաև վստահություն հայտնել, որ երկրում սկսված ակցիաների վերջնակետը պատերազմն է: «Ո՛չ անկարգություններ, ո՛չ պատերազմ չի հաջողվելու։ Մենք պատասխանատու ենք դրա համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
ԻՐԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Իրանը ԱՄՆ-ին կոչ է արել վերադառնալ Վիեննայում բանակցություններին՝ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ «համաձայնագիր ստորագրելու» նպատակով: Թեհրանը «շարժվում է դիվանագիտության ուղղությամբ» և պատրաստ է հասնել «դրական, տևական և արդյունավետ» համաձայնության՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։
Քննադատելով ԱՄՆ-ի երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ Խաթիբզադեն ընդգծել է, որ ամերիկացիները շարունակում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ չնայած այն շտկելու իրենց պնդումներին:
ԱԳՆ խոսնակի խոսքով՝ Իրանը 2021 թվականի ապրիլին Վիեննայի բանակցությունների սկզբից ի վեր ձգտում է առաջ մղել բանակցությունները՝ չնայած ԱՄՆ-ի ստեղծած խոչընդոտներին: