Եվրամիությունն ընդունում է, որ Լիտվան ճիշտ է մեկնաբանում Եվրահանձնաժողովի (ԵՀ) հանձնարարականները եվրոպական հակառուսական պատժամիջոցների իրականացման վերաբերյալ: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հերքել էր Կալինինգրադի տարանցիկ շրջափակումը՝ ասելով, որ արգելքն ուղղված է միայն պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներին՝ երկաթի և պողպատի արտադրանքին, ավիացիոն վառելիքին, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության արտադրանքին։ Հանրապետության վարչապետի խոսքով՝ Եվրամիության, Լիտվայի և Ռուսաստանի միջև տարանցիկ համաձայնագրերը դեռ ուժի մեջ են, և այն ապրանքները՝ սննդամթերք, դեղամիջոցներ, որոնք պատժամիջոցների տակ չեն, կարող են փոխադրվել։ Նշվել է նաև, որ ՌԴ քաղաքացիները կարող են գնացքով մեկնել Ռուսաստանի Կալինինգրադի մարզ և հետ գնալ պարզեցված եղանակով։
Կրեմլը նման շրջափակումն անվանել է «ամեն ինչի խախտում» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։