ԵԱՏՄ անդամ երկրները պետք է կոլեկտիվ հիմունքներով հակազդեն այսօր առկա ռիսկերին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Հնգյակի կառավարության ղեկավարները Մինսկում են հավաքվել երեկվանից, նախ՝ նեղ կազմով, ապա՝ ընդլայնված, օրակարգում կարևոր տնտեսական հարցերով: Նոր իրողությունները, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, ավելացնում են տնտեսական միության անդամների գործողությունների սերտ համակարգումը մեծացնելու անհրաժեշտությունը, որը համաշխարհային տնտեսության ժամանակակից պայմաններին հարմարվելու հիմքն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ժամանակակից տնտեսական մարտահրավերների համատեքստում կարևորագույն խնդիրներից մեկը մնում է մեր երկրների պարենային անվտանգության ապահովումը։ Ներկայումս, օբյեկտիվ պատճառներով, գյուղատնտեսական ընդհանուր շուկայում որոշակի տեսակների գյուղատնտեսական ապրանքների մատակարարման սահմանափակումներ են առաջանում, ինչը կարող է բացասաբար ազդել մեր երկրներում գյուղատնտեսության կայուն գործունեության և, ընդհանրապես, Միության պարենային ապահովության վրա։ Այս առումով, կարծում եմ, որ Միության անդամ երկրները պետք է առաջին հերթին կոլեկտիվ հիմունքներով հակազդեն ռիսկերին՝ օգտագործելով համախմբված և փոխընդունելի լուծումներ մշակելու ներուժը՝ նվազագույնի հասցնելով պարենային ապրանքների պակասուրդի հավանականությունը։
Միության տնտեսական ներուժն իրացնելու համար առաջնահերթ է համագործակցության ուժեղացումն ու նոր գործընկերային հարաբերությունների ստեղծումը՝ նշեց վարչապետը: Միասնական շուկայի աշխատանքի համար նա կարևորեց փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը, արտահանման և ներմուծման նոր լոգիստիկ շղթաների ձևավորումը, ներմուծման փոխարինման զարգացումը և բիզնեսի գործունեության պայմանների հետագա բարելավումը։
Նիկոլ Փաշինյան - Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջև ծառացած խոչընդոտների զգալի մասը ծագում է գործունեության միասնական, կոորդինացված, համաձայնեցված կանոնների բացակայության պատճառով։ Միայն կառուցողական երկխոսության, բաց լինելու և թափանցիկության պատրաստակամությունը կարող է օգնել այս հարցում դրական դինամիկայի պահպանմանը։
Կարևոր եմ համարում նաև ալկոհոլային խմիչքների շուկայի հարցի կարգավորումը։ Միասնական նպատակների և սկզբունքների, ընդհանուր կարգավորող միջոցառումների հաստատումը կարող է նպաստել ընդհանուր շուկայի ստեղծմանը` առանց փոխադարձ առևտրում խտրական սահմանափակումների և բացառումների: Հայաստանի համար սա առաջնահերթ ուղղություն է և ունի արտահանման լայն հնարավորություններ։
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳԱՑՈՒՄԸ
Ռուսաստանի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցներն ամբողջ աշխարհում հանգեցրել են լոգիստիկ և առևտրային շղթաների խախտման՝ սա էլ շեշտեց դաշնության վարչապետը: Այս փաստը նոր խնդիրներ է առաջ բերում՝ նկատեց Միշուստինը, ասաց՝ այժմ կարևոր է արագացնել ենթակառուցվածքային զարգացումները, որը կդառնա միջազգային տրանսպորտային միջանցքների մի մասը:
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Կարևոր է ապահովել նաև հետագա զարգացումը, համատեղ հաղթահարել միջազգային տնտեսության անկայունության հետևանքները. նոր՝ ոչ հեշտ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում: Արևմուտքի հավաքական ճնշումը «հնգյակի» առանձին պետությունների վրա ուժեղանում է, դա անդրադառնում է միության բոլոր անդամների վրա։ Մեր տնտեսությունները սերտորեն կապված են, ուստի մենք կարող ենք արդյունավետորեն արձագանքել ոչ բարեկամական քայլերին միայն միասին: Առաջնային խնդիրն է նվազագույնի հասցնել պատժամիջոցների ազդեցությունը քաղաքացիների վրա և ամրապնդել մակրոտնտեսական կայունություն:
ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Մեր երկիրը հնգյակից միակն է, որ մյուս անդամների հետ ընդհանուր ցամաքային սահման չունի: Հաշվի առնելով այդ փաստը՝ վարչապետ Փաշինյանն էլ գործընկերների ուշադրությունը հրավիրեց նորագույն տեխնոլոգիաների զարգացման վրա, նկատեց՝ գործընթացների թվայնացումը կխնայի Հայաստանի ժամանակն ու նյութական ռեսուրսները: Ու խնդիրը միայն սահմանային չէ. համաշխարհային տնտեսությունը թվային վերափոխում է ապրում, առանց առաջադեմ տեխնոլոգիաների տիրապետման՝ դժվար է մրցակցել արտաքին աշխարհում՝ ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Միության թվային օրակարգի ձևավորման պահից ի վեր արդեն մեկնարկել են մի շարք լայնածավալ նախագծեր, որոնց շնորհիվ մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները դարձել են ավելի պարզ և թափանցիկ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից։ Կարևոր եմ համարում նավիգացիոն կնիքների միջոցով բեռնափոխադրումներին հետևելու համակարգի ձևավորումը, էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև քննարկումը անդրսահմանային էլեկտրոնային առևտրի, որի աճը մեզ համար նոր մարտահրավերներ է ստեղծում և պահանջում է արտադրանքի անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկերի և մաքսային մուտքերի ամբողջականության ապահովման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծում։
Լոգիստիկան թվային լուծումներ պահանջող ևս մեկ ոլորտ է, այս համատեքստում Հայաստանի ղեկավարն ընդգծեց անդամ պետությունների՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, բազմամոդուլ լոգիստիկ կենտրոնների և եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծման, զարգացման շուրջ համաձայնեցված առաջարկների մշակման կարևորությունը: Հայկական կողմը կարևորում է նաև Չինաստանի հետ գործակցության զարգացումը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում՝ ասաց վարչապետը։
Խոսելով միության դերից, նա շեշտեց՝ ավարտվում է կայացման փուլը, և ԵԱՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտմանը՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման, կայուն աճի, մրցունակության ամրապնդման և միջազգային ասպարեզում միության տնտեսական շահերի արդյունավետ առաջմղման։
Նիկոլ Փաշինյան - Վերջում կնշեմ, որ չնայած օբյեկտիվ դժվարություններին, որոնք առաջանում են փոխզիջումների հասնելու ճանապարհին, մենք շարունակում ենք շարժվել դեպի արդյունավետ միավորման կառուցումը, որը հաջողությամբ կգործի այսօրվա դժվարին իրողություններում։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը օգոստոսի վերջին է նշանակված` Ղրղզստանում: Նիստից հետո կառավարության ղեկավարները Մինսկի «Հաղթանակի» հրապարակում ծաղկեպսակներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձանի մոտ: