Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։
Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։ Կարևորելով կառավարություն-համայնք համագործակցությունը և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մշտադիտարկումը` մարզպետը նշել է․
«Խնդիրը պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի վերահսկողությունն ու թերացումների բացառումն է և սուբվենցիոն ծրագրերի մասով, և կապիտալ շինարարության առումով։ Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝ կապված արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ։ Կառավարության միջոցներից շուրջ կես միլիարդ դրամ է ներդրվել և արդեն մեկ տարի է՝ շահագործման չեն հանձնվել»։
Գյումրու ավտոբուսային նորաստեղծ պարկի ղեկավարը ներկայացրել է, որ գրությամբ դիմել է համայնքապետին` ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդրով, ինչին ի պատասխան համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրները սեղմ ժամկետներում կլուծվեն, և մեքենաները առաջիկայում կշահագործվեն։
Մարզպետն անդարադարձ է կատարել Մուշ 2/2 թաղամասի հարապարակի բարեկարգման աշխատանքներին, որոնք ձգձգվում են արդեն 3 տարի և մտահոգիչ համարել աշխատանքների ընթացքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%, կառավարության համամասնությունը մարզպետարանի կողմից ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտված չեն։
Ոլորտային պատասխանատուներից այս և մյուս թերացումներով ծրագրերի ընթացքի և ավարտի հետ կապված հարցերի մասին պարզաբանումներ լսելուց հետո` մարզպետը հորդորել է հետևողական լինել և անել հնարավորն աշխատանքների արագ ու որակով ավարտի համար.
«Պետք է զգոն լինենք, որ անբարեխիղճ շինարարների նկատմամբ լինի համապատասխան վերաբերմունք։ Լիահույս եմ, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականն ի գիտություն կընդունվի և գործուն մեխանիզմներ կներդրվեն, որի արդյունքում անբարեխիղճ կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա մրցույթներին մասնակցելու»։
Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրի համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը, գործընթացը գնահատվել է բավարար, համայնքը հաշվետու ժամանակաշրջանում արձանագրել է դրական արդյունքներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ փաստացի 190 մլն դրամ ավել գումար է հավաքագրվել, ինչն, ըստ մարզպետի, խոսում է այն մասին, որ գոյացած ստվերը դուրս է եկել։
Նազելի Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել բնակկոմունալ ծառայության վերջին ամիսների աշխատանքից` նշելով, որ արձանագրված հաջողությունները պետք է պահպանել և առավելապես հետևողական լինել ձմռան ամիսներին պատրաստ լինելու հարցում։
Խոսելով համայնքային ծառայության ժամանակավոր պաշտոնների և ՀՈԱԿ-ներում ԺՊ-ների հարցի մասին` փաստվել է, որ համայնքային ծառայողների շուրջ մեկ երրրոդը ժամանակավոր պաշտոն են զբաղեցնում, իսկ ՀՈԱԿ-ներում ղեկավար պաշտոնների համար տարիներով մրցույթներ չեն հայտարարվում։
Մարզպետը նշել է, որ հարցը պետք է լուծում ստանա և կառավարության հաստատած կարգի համաձայն մինչև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսները բոլոր թափուր հաստիքների համար պետք է մրցույթներ հայտարարվեն։
Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին, ապա վստահեցվել է` այս հարցում լինելու է զրո հանդուրժողականություն, համայնքապետարանը պետք է լիարժեք իրականացնի լիազորությունները։
Քննարկվել են նաև փողոցային լուսավորության ժամերի երկարաձգմանը, պաշտոնական գրություններին ժամկետներում և բարեխղճորեն պատասխանելուն առնչվող հարցեր։