Հայաստանում ավելի քան 80 հազար մարդ աշխատանք է փնտրում. սա Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ցուցանիշն է մայիսի 1-ի դրությամբ: 80 438-ից 52 352-ը կին է, 28 086-ը՝ տղամարդ. աշխատանք փնտրողների 15 658-ը երիտասարդ են:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 11%-ով, երիտասարդներինը՝ 13,4-ով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ միջոցառում է մշակել, որն աշխատանք գտնելու հարցում կօգնի երիտասարդներին: Փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ զբաղվածության ոլորտում Կառավարությունն արձագանքող ու կանխարգելիչ գործիքներ ունի. սա կանխարգելիչներ շարքից է.
Ռուբեն Սարգսյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ) - Խոսքը պարտադիր զինվորական ծառայությունից հետո զորացրվողների մասին է, որ մարդիկ աշխատանք գտնեն: Մի քանի ծառայություն է ներառելու: Բոլոր զորացրվողներին տրամադրվելու է խորհրդատվություն, ուղղորդվելու են: Որոշ քաղաքացիների դեպքում միանգամից աշխատանքի անցնել կլինի, մյուս դեպքում՝ ուսուցում, պրակտիկա ու նոր աշխատանք գտնել:
Զորացրումից մեկ ամիս առաջ Միասնական սոցիալական ծառայությունը կուսումնասիրի զորացրվող զինծառայողի կարողությունները, ինչը, ըստ փոխնախարարի, կհեշտացնի ծառայությունն ավարտած անձի վերասոցիալականացման գործընթացը: Զորացրման պահին պետությունն արդեն կունենա նրա մասին տեղեկություն՝ ինչ կրթություն, ինչ հմտություններ, ինչ ցանկություններ ունի:
Փոխնախար Սարգսյանը համոզված է՝ եթե զորացրումից մեկ ամիս առաջ համապատասխան տեղեկություններ ունենան, հնարավոր կլինի հասկանալ, թե ծառայությունից վերադարձող 20 տարեկան երիտասարդների համար սոցիալական ակտիվացման ի՞նչ ծրագրեր կարելի է իրականացնել:
Ռուբեն Սարգսյան - Հնարավորություն ստեղծել, որ մարդիկ արագ գտնեն իրենց տեղը և աշխատանք գտնեն: Վերապատրաստում ենք մեր աշխատակիցների շրջանակում, որ պատկերացնեն՝ ինչպիսի ծառայություն է, ոնց մատուցեն:
Փոխնախարար Սարգսյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արդեն պատրաստ է, սպասում են առաջին զորացրմանը: