Ապարանում երկու անձի սպանության դեպքի որոշ հանգամանքներ են պարզվել, նաև՝ դրդապատճառը: Մանրամասները հրապարակել է Քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ-ի՝ դեպքի շարժառիթը մեքենան վարելիս ազդանշան տալու շուրջ ծագած վիճաբանությունն է:
Ստեփան Սուքիասյան (Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - 2022 թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի երկու բնակիչներ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան են տվել Ապարան քաղաքի բնակչի կողմից վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, ապա շրջանցել և կանգնեցրել են մեքենան, մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել վարորդի հետ, որին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ երիտասարդներ:
Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչը շարունակվել է հաջորդ օրը:
Ստեփան Սուքիասյան - Երևանի երկու բնակիչները իրենց հետ ևս դեռևս քննությամբ ինքնությունները չպարզված մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, որտեղ հանդիպել են նախորդ օրը իրենց հետ խոսակցություն ունեցած անձանցից մեկի հետ, որի ընթացքում ծեծի ենթարկել վերջինիս:
Խոսակցությունը շարունակվել է հունիսի 19-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող աղբանոցին հարակից տարածքում, որի ժամանակ Երևան քաղաքի բնակիչներից մեկն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ խոսակցության մեջ մտած անձանց ուղղությամբ: Կրակոցների հետևանքով սպանվել են Ապարանի բնակիչներ Հմայակ Միքայելյանը և Տիգրան Հարությունյանը, ևս 5 անձ տեղափոխվել են Երևանի տարբեր ԲԿ-ներ:
Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանից «Լուրեր»-ին հայտնեցին, որ իրենց հերթափոխը փոխվել է, բայց և պնդեցին, թե տարածքում ծեծկռտուք տեղի չի ունեցել: Հարցին՝ տեսախցիկներն էլ չե՞ն արձանագրել ծեծկռտուքը, աշխատակիցները պատասխանեցին, որ դրանք չեն աշխատում:
Դեպքից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե զինված միջադեպին մասնակցել են ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի և Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հարազատները, ովքեր էլ կրակել են երիտասարդների ուղղությամբ:
Ստեփան Սուքիասյան - Քրեական գործով նման որևէ տվյալ առկա չէ, առկա է այն, ինչ ներկայացրի:
Միջադեպին իր կամ իր հարազատների մասնակցությունը հերքել է պատգամավոր Մաթևոս Ասատրյանը: Հերքում է նաև Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը.
«Ոչ մի առնչություն չունեմ, իմ համար աբսուրդ են ուղղակի նման ձևակերպումները»:
Փարվանյանն ասաց` տուժածներին, զոհերին ճանաչում է.
«Շատ ափսոսում եմ, ցավակցում եմ հարազատներին, շատ լավ երեխեք էին, լավ տղերք էին, ինչի մասին է խոսքը: Արյունակցական կապ չկա, բայց ես ճանաչել եմ իրանց ծնողներին, Ապարանում բոլորն էլ իրենց ճանաչում էին: Ընդհանրապես, քաղաքականությունը խառնել էս ամեն ինչին՝ ցնորք է»:
Կրակոցների հետևանքով սպանվածներից մեկն, ըստ բնակիչների, Ազգային Անվտանգության ծառայության աշխատակից է եղել, նշում էին՝ երիտասարդները քաղաքականությամբ չեն զբաղվել:
Կիմա Միքայելյան (Ապարանի բնակիչ) - Ափսոս, շատ լավ երիտասարդներ են, որ ընդհանրապես կապ չունեին տենց բաների հետ. խելոք, աշխատող տղաներ էին: Ուզում են որոշ մարդիկ քաղաքականացնեն, բայց ստեղ ոչ մի քաղաքականություն չկա. իմ` էդ երեխեքին իմանալով` տենց բան չկա:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ևս պնդում է՝ կենցաղային հողի վրա տեղի ունեցած դեպք է:
Սերգեյ Մովսիսյան (Արագածոտնի մարզպետ) - Լրատվականներով տարածած ինֆորմացիան, որ մեր քաղաքական թիմի կամ վարչապետի անվան հետ կապված խոսակցություն է եղել, չի համապատասխանում իրականությանը: Մեր ժողովրդին էլ ծանոթ, հայտնի ձեռագիր է, որ ինչ վատ բան լինում է, փորձում են քաղաքականացնել ու կապել մեր քաղաքական թիմի հետ, մեր քաղաքական թիմի մարդկանց հետ:
Մարզպետը նշում է՝ այժմ գերնպատակը հնարավոր վենդետան կանխելն է:
Սերգեյ Մովսիսյան - Վստահ եմ` օրենքի սահմաններում ով որ մեղավոր է, պատիժ կստանա:
Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: «Արմենիա» բժշկական կենտրոնից «Լուրեր»-ին հայտնեցին, որ վիրավորներից մեկը հրազենային վնասվածք է ստացել գլխուղեղի շրջանում, մյուսը՝ թոքի: Ողջ օրվա դրությամբ «Աստղիկ» ԲԿ-ից, ուր տեղափոխվել են մյուս վիրավորները, վերջիններիս վիճակի մասին տեղեկություն ստանալ չհաջողվեց:
Քրեական գործը հարուցվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության և ապօրինի զենք պահելու, կրելու համար: Նշյալ արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա Արմեն Հովհաննիսյանը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան