ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է E-school Armenia ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել դպրոց։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արմեն Կուլախսզյանը, E-school Armenia ծրագրի մասնակից ուսուցիչներ, աշակերտներ:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին կատարած աշխատանքի համար` նշելով, որ համավարակից հետո առաջացած դժվարությունների պայմաններում կրթության շարունակականության ապահովումն առաջնային խնդիր էր:
«Համավարակը լուրջ մարտահրավեր էր ամբողջ աշխարհի համար. երեխաները զրկված էին կրթության շարունակականության հնարավորությունից: Այդ պայմաններում միակ տարբերակը հեռավար կրթության կազմակերպումն էր, որը փորձություն էր տարբեր համայնքների, ուսուցիչների ու մասնագետների համար: E-school Armenia ծրագրի միջոցով կուտակել ենք շատ կարևոր փորձառություն. մենք՝ բոլորս, համավարակի ընթացքում հասկացանք, որ ժամանակները կփոխվեն, մենք կգտնենք համավարակը հաղթահարելու ուղիները, բայց զուգահեռաբար նաև համոզվեցինք, որ կրթական տեխնոլոգիաները այլևս ուսուցման գործընթացի անբաժան մասն են։ Ես ուրախ եմ, որ այսօր ծրագիրն ամփոփում ենք, դա նշանակում է, որ այն խնդիրը, որն ունեինք համավարակի հետ կապված, հաղթահարված է:
Այն կարողությունները, մանկավարժական նորարարությունը, մոտեցումները, որոնք զարգացրել ենք այս ընթացքում, պետք է կարողանանք օգտագործել կրթական գործընթացի հետագա բարեփոխումներում: Վստահ եմ, որ այնտեղ ձեզանից յուրաքանչյուրի դերն անգնահատելի է լինելու»,- ասել է փոխնախարարը։
ՀՀ ԿԳՄՍՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կրթության (ՀՈՒԿ) բաժնի ղեկավար, E-school Armenia նախագծի տնօրեն Ռաիսա Ավետյանը միջոցառման ընթացքում ներկայացրել է արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման հայաստանյան փորձը, E-school Armenia ծրագրի, էլեկտրոնային ուսուցման որակի ապահովման մեխանիզմների հետագա քայլերը:
«COVID-19 համավարակի պայմաններում աշխարհը նոր մարտահրավերների առաջ էր կանգնել: Որպես առաջնահերթություն՝ պետք էր ապահովել նաև կրթության շարունակականությունը՝ ստեղծված իրավիճակում արագ ինքնակազմակերպվելով: ԿԳՄՍ նախարարության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ուսուցիչ-աշակերտ համայնքի ջանքերի ներդրմամբ հնարավոր եղավ հաղթահարել մարտահրավերը»,- նշել է Ռաիսա Ավետյանը:
Նշենք, որ ԿՏԱԿ-ի E-school Armenia նախագիծը մեկնարկել է 2020 թ․ մարտին՝ համավարակի պայմաններում ավելի քան 400 000 աշակերտների համար ապահովելով առկա ուսուցման այլընտրանք:
Հեռավար ուսուցման շրջանակում նկարահանվել են ավելի քան 2500 տեսադասեր, որոնք հասանելի են «E-school Armenia»-ի յութուբյան ալիքում։ Դրանք տարբերակված են՝ ըստ դասարանների և առարկաների։ Տեսադասերի մի մասն ապահովված է նաև ժեստերի լեզվի թարգմանությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
Համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո նախագծի շրջանակում իրականացվել է կենտրոնացված հեռավար ուսուցում։ Անցնող երկու տարիներին հեռավար դասընթացներից օգտվել է ավելի քան 10 000 աշակերտ։
2021-2022 ուսումնական տարվա ընթացքում կենտրոնացված հեռավար ուսուցումն իրականացվել է հիմնականում վեբինարների և էլեկտրոնային կրթական պաշարների միջոցով:
Օգտագործելով ծրագրի ներուժը և էլեկտրոնային ուսուցման փորձառությունը՝ 2021 թ. ԿՏԱԿ-ը մեկնարկել է նաև «ՀՀ գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների խնդրի լուծումը հեռավար դասավանդման միջոցով» ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստված 17 մենթոր դպրոցների մանկավարժները հեռավար ուսուցում են իրականացրել 62 դպրոցներում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով այս կամ այն առարկան չի դասավանդվել։
Միջոցառման ավարտին E-school Armenia նախագծի շրջանակում իրականացված էլեկտրոնային դասավանդման և էլեկտրոնային դասավանդման հմտությունների տիրապետման համար ծրագրին մասնակցած ուսուցիչները հավաստագրերով են պարգևատրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհակալագրեր է տվել նաև հեռավար ուսուցմանը մասնակից աշակերտներին: