ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին:
Վանեցյանը ֆեյսբուքում հայտարարել է՝ իրեն այլևս չի տեսնում խորհրդարանում, քանի որ այն դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
Վանեցյանը նաև տեղեկացրել է, որ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու է: