Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հունիսի 20-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:
Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:
Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և հայտնել իր պատրաստակամությունը անձամբ մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները: