ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի STARMUS VI փառատոնի անցկացման հետ կապված հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները:
Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների բովանդակային և տեխնիկական աշխատանքների հետ կապված հարցեր, ներկայացվել են նախորդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների և հանձնարարականների կատարման ընթացքը:
Պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նման մեծամասշտաբ և նշանակալի փառատոնի անցկացումը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն: