Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվող շենքային համալիրների շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներն այցելել են Երևանի Գրիբոյեդովի 48 հասցեում կառուցվող «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամաս: Այն բաղկացած է բազմաբնակարան բնակելի 11 մասնաշենքից, որոնցից յոթը նախատեսված է պետական ծրագրով:
Այցի ընթացքում կոմիտեի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մոտ 80%-ով ավարտված է ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիների հիմնակմախքի կառուցումը, 75%-ով ավարտված են պետական ծրագրով նախատեսված 7 մասնաշենքերի, իսկ 55%-ով՝ բնակելի ամբողջ համալիրի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն իրականացվում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան: Կատարվում են միջնապատերի կառուցման և շենքերի երեսպատման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետների շրջայցերը և բնակելի շենքային համալիրի դիտարկումները կրում են պարբերական բնույթ:
«Կոմիտաս պարկ» բազմաբնակարան շենքային համալիրը հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում կառուցվում է պետական համակարգմամբ՝ բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:
Համալիրում նախատեսված 478 բնակարանների և ավոտակայանատեղիների բաշխումն առաջին փուլով արդեն իրականացվել է: Շինարարական աշխատանքների ավարտը և բնակարանների հանձնումը նախատեսված են 2024 թ. երկրորդ կիսամյակում: