ՎՐԱՍՏԱՆ
ԱԿՐՈԲԱՏ ՀԱՑԹՈՒԽԸ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐԸ ՇՈԹԻ ՀԱՑ ԹԽՈՒՄ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հացաբուլկեղենի մասնագիտացած մի փոքրիկ խանութ է գործում, որը մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Գնորդները վստահեցնում են, որ հենց այստեղ են պատրաստում Վրաստանի ամենահամեղ Կախեթի շոթին:
Պավել (զբոսաշրջիկ) - Թբիլիսին ես սիրում եմ նաև այս շոթա հացի շնորհիվ: Եթե վերցնում եք այս հացից մի կտոր և այն այսքան թարմ ու տաք է լինում, միակ բանը, որի կարիքն ունեք, մի կտոր պանիրը կամ կարագն է, և վերջ, այլևս ոչինչ հարկավոր չէ:
Թարմ թխած հացի գայթակղիչ բույրը մարդկանց կանչում է դեպի հացատուն, որը մի գողտրիկ անկյունում է և արտաքինից հաստատ այնքան էլ չի գրավում:
Այստեղ աշխատող հացթուխ վարպետը միակ մարդն է, որը հոգ է տանում հացի թխման ամբողջ գործընթացի, ինչպես նաև վաճառքի մասին:
Նա խմորը հունցում է, գնդում, այնուհետև գնդերին տալիս երկարավուն «շոթի» կտորի տեսք, հետո դրանք խնամքով փակցնում թեժ թոնրի պատերին: Այս գործընթացը պահանջում է ճկունություն և ֆիզիկական լավ պատրաստվածություն. հացթուխը պետք է ոչ միայն մտնի թոնրի մեջ, այլև գլխիվայր կախվի՝ նաև թոնրի հատակին հասնելու համար: Այնուհետև կափարիչով փակում է թոնրի բերանը ու սպասում, մինչև անուշաբույր հացը թխվի:
Խմորի բաղադրատոմսը ծագում է Թբիլիսիից մոտ 100 կմ դեպի արևելք ընկած` Վրաստանի Կախեթի շրջանից:
50-ամյա Շալվա Գիքորաշվիլին արդեն 18 տարի հացթուխ է աշխատում, նրա օրը սկսվում է մինչև արևածագը։ Ամեն օր 7 թոնրաբաժին հաց է թխում, այսինքն՝ մոտ 300 շոթի հաց: Ամեն բաժին հաց թոնրում թխում է մոտ 25 րոպե: Թոնիրը հոսանքով է աշխատում:
Դեռևս մեկ տասնամյակ առաջ թոնիրը փայտով էին վառում: Սակայն հետո հասկացան, որ աշխատանքն էլեկտրաէներգիայով անհամեմատ հեշտ է, բացի այդ, ասում են, որ էկոլոգիապես ավելի մաքուր է:
Յուրաքանչյուր պատրաստի շոթի 300 գրամ քաշ ունի: Շոթին վայելողները վստահեցնում են, որ այն դրսից շատ խրթխրթան է, իսկ ներսից՝ փափուկ:
ԱՄՆ
ՊՈՐՏԱՊԱՐ՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պորտապարի պարապմունքներ են անցկացվում հատուկ տարեցների համար: Նրանք մեծ խանդավառությամբ իրենց որովայնին կապել են պորտապարի համար նախատեսված գույնզգույն շարֆերը, որոնցից կախված են մետաղադրամներ և ուլունքներ հիշեցնող զարդարանքներ, որպեսզի ամեն ինչ իրական և տպավորիչ լինի:
Պարի պարապմունքներն անցկացնում են Senior Source` «Ավագ աղբյուր» կոչվող հասարակական կազմակերպությունում:
Շլոմիտ Օրեն (պորտապարի ուսուցիչ) - Այսօր հոյակապ պարապմունք ունեցանք: Ինձ դուր է գալիս, որ նրանցից շատերը նախընտրում են համապատասխան հանդերձանք կրել, շարֆեր կապել, ծաղիկներ կրել վարսերի մեջ: Ողջունելի է, որ իսկապես ցանկանում են հաճույք ստանալ այս պարապմունքներից, նաև մի լավ զվարճանում են, աղմկում, մի խոսքով՝ սրտանց ուրախանում են:
Օրենը վստահեցնում է, որ այս պարի շնորհիվ իր տարեց սաները ոչ միայն մեծ բավականություն են ստանում, այլև իրենց առողջության մասին են հոգ տանում, քանի որ մարզվելու և քաշ կորցնելու հիանալի տարբերակ է:
Մեգի Պետրոսյան (պորտապարի դասընթացի մասնակից) - Գեղեցիկ է, սեքսուալ է, սա նաև մարզանք է, կարգապահություն: Իրականում շատ աշխատանք է պահանջում:
Պորտապարի պարապմունքներին առայժմ մասնակցում է 15 տարեց, սակայն հոգով բավականին երիտասարդ կին:
ՀՈՒՆԱՍՏԱՆ
ԳԵՐԼՈՒՍԻՆԸ ՀՒՆ ՀՈՒՆԱԿԱՆ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԵՎՈՒՄ
Հունաստանի հին տաճարի գլխավերևում գերլուսինն է լողում, որը հայտնի է նաև «ելակ գերլուսին» անվամբ: Ըստ օդերևութաբանական երևույթներին վերաբերող Old Farmer’s Almanac-ի` «Հին ագարակատերերի ալմանախ» գրքի, Երկիր մոլորակի բնական արբանյակը համարվում է գերլուսին, երբ դրա ուղեծիրն ամենամոտն է գտնվում Երկրին, ինչի շնորհիվ այն ավելի մեծ ու պայծառ է թվում, քան սովորական լիալուսինը: Այս տարվա մեջ սա արդեն երկրորդ գերլուսինն է: Այն իր լույսը գցել է Աթենքի հարավային հատվածում գտնվող Պոսեյդոնի տաճարի մարմարե սյուների վրա:
ԱՄՆ-ի բնիկ ցեղերը լիալուսիններին սովորաբար անուններ են տվել ըստ ալմանախի: Օրինակ՝ հունիս ամսվա գերլուսինը «ելակ» են անվանել, քանի որ այդ ժամանակ ելակ հասնելու սեզոնն է:
Պոսեյդոնի տաճարը կառուցել են Ք.ա. 5-րդ դարում և գտնվում է այն ժայռի վրա, որը նայում է Էգեյան ծովին: Այս տաճարը շատ հայտնի վայր է լիալուսին դիտելու համար:
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ՊԼԱՍՏԻԿԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒԾԵԼ ՈՐԴԵՐԸ
Այն, ինչ մարդկանց համար թափոն է, խավարասեր բզեզի թրթուրների համար կարող է համեղ կերակուր լինել: Շատ հնարավոր է, որ հենց այս որդերը կարողանան ապագայում մեծ լումա ունենալ պլաստիկի վերամշակման հարցում:
Մանրէաբան Քրիստիան Ռինկեն և Քուինսլենդի համալսարանի քիմիայի և մոլեկուլային կենսաբանության դպրոցի իր խումբը երեք շաբաթվա ընթացքում դիտարկել են թրթուրների երեք խումբ: Դրանք հայտնի են որպես գերորդեր: Երեք շաբաթվա ընթացքում այդ որդերին երեք տարբեր սննդակարգ է առաջարկվել: Մի խումբը ցորենի թեփ է կերել և շատ լավ աճել, մյուսներին սնունդ չեն տվել, քաշը կարողացել են պահպանել, սակայն բավականին պասիվ են եղել, իսկ երրորդ խմբին կերակրել են պոլիստիրոլով. այս որդերը ոչ միայն ողջ են մնացել, այլև նույնիսկ մի փոքր քաշ են հավաքել:
Ռինկը և նրա խումբը կիրառել են մի մեթոդ, որը կոչվում է մետագենոմիկա կամ նմուշներից վերցված գենետիկական նյութի ուսումնասիրություն՝ պարզելու, թե որ ֆերմենտներն ունեն պոլիստիրոլը քայքայելու հատկություն:
Թիմի երկարաժամկետ նպատակն է ստեղծել ֆերմենտներ՝ վերամշակման գործարաններում պլաստիկի թափոնները մեխանիկորեն մանրացնելուց հետո մշակելու համար՝ օգտագործելով գերորդերի մոտ հայտնաբերված ֆերմենտների մոդելավորումը: Սա կարող է հրաշալի լուծում լինել ապագայում պլաստիկի թափոնից ձերբազատվելու համար:
ՆԻԳԵՐԻԱ
ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ` ՄԵԽԵՐԻՑ
Մուրճն ու մեխը հաճախ օգտագործվում են արվեստի գործերը պատից կամ մեկ այլ տեղից կախելու համար, սակայն նիգերիացի մի նկարչի համար այդ գործիքներն ինքնին արվեստ են ստեղծում:
Հարավարևմտյան Նիգերիայից 27-ամյա Օդունայո Ֆապոհունդան մեխերով նկարչությամբ սկսեց հետաքրքրվել 2015 թվականին, երբ հանդիպեց մեկ այլ արվեստագետի, որն այդ գործով էր զբաղվում:
Այժմ Օդունայոն գեղարվեստական ձևավորումներ է անում և տարբեր մարդկանց դիմանկարներն ստանում՝ փայտի մեջ մեխեր մեխելով: Այժմ ավարտում է նիգերիացի կատակերգու և դերասան Այոդեջի Մակունի դիմանկարը: Ընդհանուր առմամբ, ծախսելու է 55 հազար մեխ:
Օդունայո Ֆապոհունդա (նկարիչ) - Երբ տեսա, թե ինչպես է իմ ծանոթն այն ժամանակ մեխերով նկարներ ստանում, պարզապես հիացա: Ես երկար ժամանակ ծախսեցի այս տեխնիկային տիրապետելու համար: Այսօր ինձ կարող եմ պրոֆեսիոնալ համարել:
Օդունայոն սկզբում մատիտով է այս կամ այն նկարը պատկերում փայտե կտորի վրա, հետո սկսում է մեխերն այնպես ամրացնել, որ նկար ստացվի: Երբ աշխատանքն ավարտում է, հատուկ լաք է փչում նկարի վրա, որպեսզի մեխերը չժանգոտեն:
Այսպիսի մեկ դիմանկարի արժեքն սկսվում է 700 դոլարից: Դրանցից յուրաքանչյուրի պատրաստման համար երբեմն 3 ամիս է պահանջվում:
Ի տարբերություն սովորական կերպարվեստի, որտեղ նկարիչը կարող է հեշտությամբ ջնջել իրեն դուր չեկած մասերն ու նորից նկարել, այս դեպքում սխալները շտկելը շատ ավելի բարդ է լինում, երբեմն ստիպված է լինում զրոյից սկսել: Եվ արդյունքում ժամանակի և ֆինանսական միջոցների մեծ կորուստ է ունենում:
Եվ չնայած դժվարություններին՝ Օդունայոյի արվեստը լայն ժողովրդականություն է վայելում: Նա նույնիսկ արդեն աշակերտներ ունի, որոնց սովորեցնում է մեխերով կերպարվեստի նրբությունները:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԳԼԽԱՐԿՆԵՐԸ ԿԱՆ, ՁԻԵՐԸ ԿԱՆ, ԻՍԿ ԹԱԳՈՒՀԻՆ` ՈՉ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին բացակայել է Royal Ascot ձիարշավի հանդիպմանը «Կանանց օրվա» միջոցառումից: Այդ ժամանակ սովորաբար նորաձևության ցուցադրությունը հասնում է իր գագաթնակետին և շնորհվում է երկար տարածության ձիարշավի հաղթողի ոսկե գավաթը:
Royal Ascot-ը սովորաբար տևում է հինգ օր: Նախկինում Եղիսաբեթ 2-րդ թագուհին գրեթե բոլոր օրերին ներկա էր լինում, և մարդիկ հաճախ խաղադրույքներ էին կատարում, թե այդ օրը ինչ գույնի է լինելու թագուհու գլխարկը: Այս անգամ, սակայն, 96-ամյա միապետուհին բաց է թողել իր ամենասիրելի միջոցառումներից մեկը:
Կառքերի թագավորական երթն առաջնորդել է արքայադուստր Աննան: Միջոցառումը խիստ «դրես կոդ» ունի, ըստ որի թագավորական պալատում գտնվող տղամարդիկ պետք է կրեն առավոտյան զգեստ, այդ թվում՝ ժիլետ, փողկապ և գլխարկ: Կանայք պետք է կրեն գլխարկ, որի հիմքը պետք է լինի առնվազն 10 սմ տրամագծով, իսկ զգեստները պետք է լինեն «համեստ երկարության»:
ՊԱՂԵՍՏԻՆ
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՈՒՏԵՍՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԳԱԶԱ
Ցորենի ալյուր, թարմ կաթ, պղպեղ. պաղեստինցի Ղալիա Աբու Սաադեն որոշել է վերադարձնել Գազայի հին ավանդական՝ քիշեկ կոչվող կերակրատեսակը:
Նախկինում Գազայի հատվածի հիմնականում գյուղական վայրերում պատրաստվող քիշեկն այժմ սոցիալական հարթակների օգնությամբ վաճառվում է քաղաքի բնակիչներին, որոնք տարիներ շարունակ հրաժարվել են այդ կերակրատեսակը պատրաստելուց, քանի որ պատրաստելը բավականին ժամանակատար է:
Խմորի համար բոլոր բաղադրիչները խառնում են իրար, մի քանի օր թողնում, որպեսզի լավ հասունանա, հետո գնդիկներ են ձևավորում և մոտ երեք օր թողնում չորանալու:
Ղալիա Աբու Սաադե (Գազայի հատվածի բնակիչ) - Ես ուզում էի պահպանել այս հին ժառանգությունը, որը մենք ստացել ենք մեր պապերից ու ծնողներից, քանի որ պաղեստինյան քիշեկն ունի իր համն ու հոտը:
Քիշեկի գնդիկները կարելի է երկար ժամանակ պահել: Դրանք կարելի է ավելացնել տարբեր ուտեստների, այդ թվում՝ աղցանների:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
«ԵՐԿՆԱՅԻՆ ԼՈՂԱՎԱԶԱՆ»՝ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Աննախադեպ շոգ եղանակը պատուհասել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը: Այս օրերին կարելի է տեսնել, թե մարդիկ ինչպես են լողում Լոնդոնում կառուցված այսպես կոչված «երկնային լողավազանում»:
Լոնդոնի Nine Elms-ի երկու բարձրահարկ շենքերի միջև կախված լողավազանը թափանցիկ է, ինչը լողորդներին հնարավորություն է տալիս նաև վայելելու ներքևի տեսարանը: Արտասովոր լողավազանը բացվել է 2021 թվականին։
ՎՐԱՍՏԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԱԴԱՄԱՆԴ» ԿԱՄՈՒՐՋԸ
Վրաստանի Ծալկայի շրջանի Դաշբաշիի գեղատեսիլ կիրճի վրայով անցնող նոր հետիոտնային կամուրջը նախատեսվում է, որ մագնիս է դառնալու զբոսաշրջիկների համար:
Կախովի կամուրջը, որն արդեն պաշտոնապես բացվել է, ունի 240 մետր երկարություն և անցնում է Դաշբաշիի կիրճով, որը աչքի է ընկնում բնական գեղեցկությամբ: Այն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 100 կմ դեպի արևմուտք է ընկած:
«Ադամանդ» կամուրջը գետնից բարձր է 200 մետր, մետաղական կառույց է, սակայն հատակը տեղ-տեղ ապակուց է: Հենց դրա շնորհիվ հնարավոր է տեսնել կիրճը և այնտեղով հոսող գետը:
Կամրջի կենտրոնական հատվածում ադամանդի նիստեր հիշեցնող կառույց կա, որը հետագայում կծառայի որպես ռեստորան:
«Ադամանդ» կամուրջը կառուցվել է 2,5 տարվա ընթացքում, արժեցել է ավելի քան 40 միլիոն դոլար:
Ծրագրին աջակցած մասնավոր ներդրողները, որոնց մեջ կան նաև իսրայելական ընկերության ներկայացուցիչներ, հույս ունեն այս տարածքում խթանել էկոտուրիզմը: Դաշբաշիի կամրջի մոտ գտնվող հողատարածքում արդեն կառուցվում են հյուրանոց և առանձնատների համալիր: