Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 1035 զանգ, որից 435-ը՝ ճանաչողական բնույթի:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 7 կանչերի:
Տեխնածին բնույթի պատահարներից 1 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 6 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:
Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 68 ական, 439 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 64 և նռնականետի 17 նռնակ:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը Արցախի ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: